Սա այն դեպքը չէ, որ վարչապետը չի տիրապետում երկրի իրականությանը, քանի որ ես հաճախ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ եմ: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձավ կառավարության գործունեության հասցեին հնչող քննադատություններին. «Այն, որ փորձում են ասել, որ երկրում ինչ-որ… Գրում են, որ երկիրն անկայունության շրջանում է, տուրբուլենտության… էլի սկսվում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ ամառ, թեժ աշուն, հեսա տեսեք ինչ է լինելու: Ոչ մի բան էլ չի լինելու: Մարդիկ կան, որ պետք է հասկանան, որ իրենց գնացքը վաղուց գնացել է, և եթե հետեւից փորձեն ֆերարիով էլ հասնել, իրենց գնացքին չեն կարող հասնել: Իրենց էջը փակված է: Եւ իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնեն ժողովրդի առաջ և ապաշխարհեն, և ժողովրդից ներում հայցեն: Իրենք ուրիշ անելիք Հայաստանի Հանրապետությունում՝ չունեն: Չնայած ասում եմ, իրենց բոլոր ցանկությունները՝ վարել քաղաքական, հասարակական կյանք, մենք երաշխավորելու ենք»:

Փաշինյանը նշեց, որ հսկայական գումար է ծախսվում կառավարության դեմ սև հակաքարոզչության վրա:

«Էն, որ միլիոնավոր դոլարներ ամեն օր ծախսվում են  կառավարության դեմ սև  հակաքարոզչություն անելու համար և կառավարությունն ընդդեմ դրա ոչ մի գործողություն չի ձեռնարկում, որովհետև մեզ համար խոսքի ազատությունը բացարձակ արժեք է: Այդ շրջանակները պետք է հասկանան, որ իրենք ՀՀ-ում այդ կարգի անելիք ունենալ չեն կարող, իրենք Հայաստանի ժողովրդի շրջանում աջակցություն ունենալ չեն կարող: Ուզում ա միլիոն ծախսեն, ուզում ա միլիարդ ծախսեն»,-ասաց Փաշինյանը: