Ապրիլի 1-ից Հայաստանում ԱԳԼՃԿ-ներում գազը պետք է վաճառվեր կիլոգրամներով, քանի որ բողոքներ կային, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների հետ կապված կան տարբերություններ: Սակայն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներն ահազանգում են. ստեղծվել է այլ իրավիճակ՝ նկատվում է գազի գնաճ 15-20%-ով: Այսօր էլ խնդիրը քննարկվեց կառավարությունում։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ողջունելի համարեց, որ վերջապես կառավարությունն անդրադարձավ գազալցակայաններում գազի գնի թանկացման հարցին, այն մտավ օրակարգ և լիահույս է, որ այն լուծում կգտնի։ Սակայն, ցավալի է, որ վարչապետին խնդիրը հստակ չզեկուցվեց․ զեկուցված խնդիրները միտված էին պարզը բարդացնելուն, ոչ թե հակառակը․ «Խնդիրը կամ իրավիճակին չտիրապետելն էր, կամ միտումնավոր մոլորեցնելը։ Երբ խոսում ես գազի խտության մասին, ակամայից խնդիրը տեղափոխում ես ավելի բարդ հարթություն։ Սակայն ընդամենը իրավիճակի ուսումնասիրություն էր պետք՝ պարզելու համար, որ բոլոր այն գազալցակայանները, որոնք շարունակել են հին ձևով իրացնել, գին չեն թանկացրել, գնաճ եղել է բացառապես կգ-ով իրացում իրականացրած գազալցակայաններում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից` օրենքն ընդունվել է, թե ոչ՝ հսկողությունն անհրաժեշտ էր ապրիլի 1-ից, քանի որ ազդակներն արդեն իսկ տրված էին և որոշ տնտեսվարող սուբյեկտներ արդեն իսկ թանկացրին գինը անցում կատարելով հենց կգ-ով վաճառքի․ «Տարիներ շարունակ բարձրացրել ենք կգ-ով վաճառքի անհրաժեշտության հարցը, քանի որ տնտեսվարողը չի ունենա մանևրելու հնարավորություն։ Անցնելով կգ-ով վաճառքի՝ անկախ նրանից, թե ինչպես են մանևրում՝ ճնշման և ջերմաստիճանի մեջ համապատասխան նույն կգ-ն ես ստանում և դրա համար ես վճարում։ Այսինքն՝ փաստացի վճարում ես այնքանի համար, որքան շահագործում ես»,- ասաց նա։

Պիպոյանի կարծիքով՝ նախագիծը խիստ անհրաժեշտ էր, բայց պետք է կյանքի կոչվեր վերահսկողության ներքո, որպեսզի անհարմարություն չառաջացներ և քաղաքացին զգար դրական ազդեցությունը։ Ու թեև օրենքը չի արգելում առանց ուժի մեջ մտնելու կգ-ով վաճառք իրականացնել, քանի որ այդ առումով բիզնեսը կաշկանդված չէ, սակայն բիզնեսը սահմանեց այնպիսին գին, որը հետհաշվարկով դեպի ծավալայն միավոր ավելի է, քան նախկին գինը․ «Պետությունը պետք է ռեալ քայլեր ձեռնարկի չարաշահումները բացառելու համար․ եթե չարաշահումը գնի սահմանման մասով բացառվի, մարդիկ կհասկանան, որ գործ ունեն լավ պրոցեսի հետ։ Այս գործընթացը չպետք է ազդի գազի գնի վրա, իսկ եթե պետք է ազդի` միայն դրական ազդեցությամբ։ Փաստացի՝ քաղաքացին վճարում է ավելի գումար, առկա է 10-15 % գնաճ: Կարծում եմ՝ շատ հանգիստ կարելի է վերահսկել ոլորտը, ընդամենն անհրաժեշտ է, որ համապատասխան կառույցներն իրենց վարչական լծակներն ու գործիքակազմերն օգտագործեն խնդրի կարգավորման համար»,- նշեց նա:

Սոնա Հարությունյան