«Ինչպես կվերաբերվեիք այն փաստին, որ փոխնախարարը կաշառակերությամբ զբաղվեր և դա թաքուն մնար, ոնց որ եղել է տարիներ շարունակ: Այո՛, սա նոր Հայաստանն է, սա նոր իրականություն է և ցանկացած մարդ, ով կխախտի օրենքը` կպատժվի օրենքի ողջ խստությամբ»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն հանգամանքը, որ նոր Հայաստանում դեռ գոյություն ունի այնպիսի արատավոր երևույթ, ինչպիսին կաշառակերությունն է:

Խոսքը առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին էր վերաբերվում, ում վերջերս մեղադրանք առաջադրվեց առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով։ Հիմա էլ կոռուպցիոն գործընթացում կասկածվում է նաև ՊՎԾ պետը:

Պատգամավորը նշեց, որ այսօրվա իրականության մեջ ոչ ոք հովանավորներ չունի և նման իրականությամբ Հայաստան մենք այլևս չենք ունենալու: Հարցին, թե հին համակարգի շարունակման վտանգ իսկապե՞ս չկա և երաշխավորվա՞ծ է, որ չի լինելու, պատգամավորը պատասխանեց. «Մենք պետք է ուրախ լինենք, որ նոր Հայաստանում նման գործընթացները բացահայտվում են, հայտնի են դառնում, և մարդիկ պատժվում են: Օրինակ՝ Դավիթ Սանասարյանի հարցով կարող եմ ասել, որ մարդն անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ: Մեկ կամ երկու դեպքի բացահայտումը չի կարելի կապել համակարգի հետ: Մի՛ մոռացեք, որ համակարգն ամբողջությամբ փոխված չէ, և ես չեմ խոսում մարդկանց մասին, ովքեր պատժվել եմ կամ պատժվելու են: Անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից, մտերմությունից ու հեղափոխության հետ ունեցած կապից՝ ով չարաշահեց իր պաշտոնը՝ պատժվելու է»,-եզրափակեց Քրիստինե Պողոսյանը: