Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած այցից հետո այսօր վաղ առավոտյան անդրադարձել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին խոսակցություններին: «Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,-նշել է Փաշինյանը։
 
Ուշագրավ է, որ երբ ամիսներ առաջ Արցախում սկիզբ էին առել որոշակի տրանսֆորմացիոն գործընթացներ, որոնք արտահայտվում էին նաև հակաիշխանակն շարժման տեսքով՝ ինքը Փաշինյանը պաշտպանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ակնարկելով, որ թույլ չեն տա Արցախում որևէ հեղափոխություն: Ի՞նչ է փոխվել այսօր: Թերևս ավելացել են միայն Փաշինյանի քաղաքական վախերը: Իսկ նման գրառում կատարելու անհրաժեշտությունն էլ, իհարկե, առաջացել է երեկ՝ Արցախում՝ Վիտալի Բալասանյանի բավական կոշտ հայտարարություններից հետո: Փաշինյանը քաջ գիտակցում է, որ Արցախում գեներալիտետը, անգամ իր կողմից ղեկավարվող չիստկաներից հետո, շատ ավելի ուժեղ գործոն է, և շատ ավելին է արել Արցախի համար, քան ինքը՝ Փաշինյանը, ով, ըստ էության, Արցախի համար այս մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արել՝ բացի Ալիևի հետ վերելակային հանդիպումներից և բանակցային գործընթացը անհասկանալի հուն մտցնելուց: Բացի այդ, մոտենում է պահը, երբ քանդվելու է Ռոբերտ Քոչարյանի շուրջ կառուցված քրեական գործը: Հետևաբար, Քոչարյանը կարող է դառնալ այն առանցքը, որի շուրջ կարող է համախմբվել հակահեղափոխությունը: Չնայած, այստեղ էլ կան հարցեր, թե այդ ի՞նչ հեղափոխություն է արել Փաշինյանը, որ մերժված Սերժը երեկ Արցախում կանգնած էր իրեն մերժողների կողքին:
  
Փաշինյանի՝ նման սպառնալիքը անպատասխանատվության գագաթնակետն է՝ անկախ բոլոր հանգամանքներից: Պատերազմական վիճակում գտնվող երկրին հեղափոխության արտահանմամբ սպառնալը նույնն է, ինչ Ալիևի ջրաղացին ջուր լցնելը: Ինչպես երևում է՝ սեփական իշխանության պահպանումը դարձել է Փաշինյանի թիվ մեկ գերխնդիրը, և դա հղի է լուրջ ռիսկերով…