Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այսօր՝ մայիսի 15-ին, մամուլի ասուլիս է հրավիրել, որում անդրադարձել է երեք ամսում քաղաքապետարանի աշխատանքներին: 

«Ինչպես գիտեք, ուշադրության տակ էր մետրոպոլիտենի  նոր կայարանի և ճոպանուղու կառուցման ծրագրերը: Ցավոք սրտի, սա այն տարբերակն է, որ մենք հնարավորություն չունենք բյուջետային գումարներն օգտագործելու այդ ծրագրերի համար: Հուսով ենք, որ այս տարվա ընթացքում, մինչև հունվար ամիս, մենք կավարտենք նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվի շինարարական աշխատանքները, կսկսենք կամուրջից, կամուրջի վրա կտեղավորվի կայարանը: Ընդհանրապես, մետրոպոլիտենն իր տեխնոլոգիայով բավականին բարդ  համակարգ է և տարբեր ոլորտի մասնագետներ պետք է ունենալ: Մենք աշխատում ենք այդ մասնագետների հետ, որպեսզի վերջնականապես ճշտենք մետրոպոլիտենի քաղաքականությունը և բոլոր նրբությունները՝ կապված այդ ծրագրի հետ»,-ասաց Մեսչյանը: 

Անդրադառնալով ճոպանուղու հետ կապված ծրագրին, Մեսչյանը նշեց. «Ճոպանուղու միջոցով մենք փորձում ենք հնարավորինս թեթևացնել Նոր-Նորքի, Մասիվի և քաղաքի կենտրոնի կապը, թեթևացնել տրանսպորտային հոգսը, որն այսօր գրեթե բերում է տրանսպորտային կոլապսի: Կապը լինելու է 2-րդ Մասիվից դեպի հանրակացարանների տարածքը՝ նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտի: Կարծում ենք՝ այդ ծրագրի միջոցով պրոբլեմներ կլուծենք: Հետագայում զարգացում կլինի դեպի Հաղթանակի այգին, բայց սկզբնական խնդիրը առաջին կապն է՝ Մասիվ-քաղաքի կենտրոն՝ Աբովյանի պուրակից ձախակողմյան տարածք: Դա ևս կառուցվում է ոչ բյուջետային ներդրումով, և մենք աշխատում ենք կառուցապատողների հետ, որոնք կֆինանսավորեն նաև ճոպանուղու ծրագիրը: Այնպես որ, ճիշտ ասեմ ձեզ, հիմա մենք ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ, որովհետև ներգրավել կառուցապատողներին այս ծրագրերի մեջ՝ բավականին բարդ խնդիր է»:

Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նշեց նաև, որ  կան խնդիրներ՝ կապված վթարային շենքերի բնակիչների տեղավորման և նոր շինարարական ծավալների ապահովման հարցով, որպեսզի կարողանան այդ մարդկանց հոգսն ինչ-որ չափով բավարարել: Մեսչյանն ընդգծեց, որ այդ խնդիրների լուծումն էլ բյուջեով չի արվելու:

«Փաստորեն, ստեղծվել է մի վիճակ, որ քաղաքապետարանը հայթայթում է գումար, որ կարողանա իրագործել շատ կարևոր ծրագրեր: Իհարկե, իդեալական տարբերակ կլիներ, որ քաղաքը գումար ունենար, և մենք այդ բյուջեով կարողանայինք լուծել բնակելի շենքերի, մետրոյի, ճոպանուղու և այլ խնդիրներ: Բայց կա խնդիր, և այդ խնդիրները մենք փորձում ենք լուծել մեր ուժերով: Տրամաբանական է, թե ոչ՝ դուք ինքներդ որոշեք»,-ասաց Մեսչյանը: