Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: Փոխվարչապետը մտահոգություն է հայտնել ՀՀ-ում գործազրկության մակարդակի հետ կապված: Մասնավորապես 2018 թվականի վերջի դրությամբ գործազրկությունը ՀՀ-ում կազմել է 20 տոկոս: Ուշագրավ է, որ 2017-ին գործազրկության մակարդակն ունեցել է նվազման միտում: 2017-ի առաջին եռամսյակում կազմել է 19.0 տոկոս, երկրորդում՝ 17.8, իսկ երրորդում՝ 16.5 տոկոս: Վերջին 2-3 տարիներին գործազրկությունը Հայաստանում համարյա նույնն է և չի նվազում։ Գործազրկությունը 18 տոկոսի շրջանակներում է, և այդ թիվը վերջին տարիներին էականորեն չի նվազում։ Նույն կերպ չի փոխվում նաև գործազրկության հետ փոխկապակցված աղքատության ցուցանիշը: Սակայն հեղափոխությունից հետո փաստացի գործազուրկների թիվը աճել է:
 
Այս պարագայում միանգամից երկու իշխանական միֆ է փշրվում: Առաջինը, եթե իսկապես ստեղծվել է 50 հազար աշխատատեղ, ապա ինչո՞ւ է աճել գործազրկությունը, եթե տնտեսկան աճը կազմել է 7.5 տոկոս, ապա ինչո՞ւ է աճել գործազրկությունը: Ստացվում է, այս մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդամենը ավելացրել է գործազուրկների «բանակը»՝ կադրային ջարդով, օպտիմալացումներով, առաջացած խնդիրներին ոչ համարժեք արձագանքելով: Մի քանի ամիս առաջ կառավարության կառուցվածքային բարեփոխումների արդյունքում մոտավոր հաշվարկներով աշխատանքից կարող է ազատվել ընդհանուր առմամբ 50-55 հազար պետական աշխատող: Թե ինչ կլինի աշխատանքը կորցրած քաղաքացիների հետ, պարզ չէ:
 
Բնականաբար, գործազուրկների թիվը զգալիորեն կաճի, ինչը մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներում փոփոխությունների կարող է հանգեցնել: Կառուցվածքային «բարեփոխումների» արդյունքում տուժում է նաև մասնավոր սեկտորը՝ հարկային նոր սահմանափակումների, ինչպես նաև քաղաքապետարանի նոր գործելաոճի պատճառով, ըստ որի՝ փակվելու և քանդվելու են քաղաքի կենտրոնական փողոցներում գործող սրճարանները, ռեստորանները, որոնք մեծ նշանակություն ունեն նաև զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Արդյունքում կորցնում ենք ոչ միայն զարգացման հեռանկարներ ունեցող բիզնեսներ, այլև աշխատատեղեր, իսկ սա նշանակում է գործազրկության մակարդակի ավելացում:Հանրության մտահոգությունները, որոնք կապված էին տնտեսության, սոցիալական վիճակի հետ, որի առնչությամբ մեծ-մեծ խոստումներ էին տվել, ոչ միայն չիրականացան, այլև առավել խորացան և այժմ արդեն այդ պատկերը արտահայտվում է պետական վիճակագրությամբ: