«Այո որոշումը դատախազության կողմից բողոքարկման ենթակա չէ: Օրենքով մյուս կողմը իրավունք չունի բողոքարկելու: Բայց եթե էլի գնանք ապօրինության ճանապարհով, սկսվեն ապօրինությունները, ճնշումները, թե «ով է այն դատավորը, որ կարող է իմ ասածը չկատարել, ես իրան ու իր ճտերին այս կանեմ, այն կանեմ, եթե էլի այդ եղանակով գնաց, ես չեմ բացառում, որ դատախազությունն էլ բողոք բերի, Վերաքննիչ դատարանն էլ բողոքը վարույթ ընդունի, ես չեմ բացառում, որ այդ որոշումը բեկանվի»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց՝ եթե Քոչարյանը չխախտի ազատ արձակման պայմանները, իսկ ինքը համոզված է, որ չի խախտի, ապա նա մինչև դատավարության ավարտը կմնա ազատության մեջ: 

Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանը շարունակելու է մասնակցել դատավարությանը. «Ինչպես ինքը շատ պատկերավոր ասաց՝ մեղադրողը լինելու է ինքը: Մեղադրելու է այն իրավապահներին՝ դատախազությանը՝ մասնավորապես, ովքեր այս մեղադրանքը սարքել են և գործը ուղարկել դատարան: Թողած 10 զոհի վերաբերյալ քննության անհրաժեշոտությունը՝ ընկել են կոնկրետ առաջադրանք կատարելու հետևից»,- նշեց փաստաբանը: 

Անդրադառնալով՝ Քոչարյանի Հայաստանի՝ տարածքը լքելու հարցին, Ալումյանը պատասխանեց, որ նա այդ հնարավորությունն ունեցել է անցած տարվա օգոստոսից, սակայն նախընտրել է մասնակցել դատավարությանը, քանի որ դա համարել է ոչ արժանապատիվ վարքագիծ այս իրավիճակում: