Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի կալանավորի կողմից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Ինչպես  հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 19-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը, ձևացնելով, որ  իրեն վատ է զգում, խնդրել է հսկիչին օգնություն ցուցաբերել, որից հետո անսպասելիորեն դուրս է վազել խցից և մտնելով նույն մասնաշենքի մեկ այլ կալանավորի խուց, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ,   իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս, սակայն հանդիպելով հսկիչների դիմադրությանը՝  իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում` դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: 

Ավելի վաղ  ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Արմենպրես»-ին հայտնել էր, որ ՀՀ Շիրակի մարզի «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մայիսի 19-ին դատապարտյալների միջև միջադեպ է տեղի ունեցել: 

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, ով ոմն Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Արթիկ» ՔԿՀ-ում փորձել են դանակահարել:

«Խցում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։ Նրանց տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հիվանդանոց տեղափոխելու կարիք չի եղել»,- նշեց Նավիկյանը:

Նրա խոսքով՝ այս պահին քննություն է ընթանում և փաստի առթիվ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։