Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի համակիրների հետ մայիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի գործն ամբողջությամբ բացահայտված է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ-ն այս գործով զբաղվում է, գործն ամբողջությամբ բացահայտված է, շրջանակը պարզ է»,- ասաց ԱԱԾ տնօրենը՝ հավելելով, որ որևէ դավադրություն այս գործում փնտրել պետք չէ։

«Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է, առաջիկա ժամերի ընթացքում կլինի հաղորդագրություն Ոստիկանության ու ԱԱԾ-ի համատեղ աշխատանքի վերաբերյալ, բոլոր մանրամասները հայտնի կդառնան», - նշեց Արթուր Վանեցյանը։

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ»: Զոհեր և վիրավորներ չկան: