«Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը (ՏՈԵՄ) Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում՝ ընդդեմ «Հայոց պատմություն» առարկայի «դպրոցական դասագրքերում առկա կեղծարարությունների»: Բողոքի ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են «անաչառ դասագրքեր», «դուք սպանել եք ազգային պատմությունը», «կեղծարարություններ դասագրքերում» գրությամբ պաստառներ:

«Այս խնդրով բազմիցս դիմել ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, համապատասխան մարմիններին, սակայն մինչև օրս հարցին լուծում չի տրվել։ Դասագրքերում առկա են քաղաքական նպատակներով գործածվող կեղծարարություններ: Խոսքը նաև սոցիալիզմի և ազգայնականության հարաբերակցության մասին կեղծարարության մասին է, երբ եզրահանգում է կատարվում, թե սոցիալիզմը սխալ է, իսկ ազգայնականությունը՝ ճիշտ: Մենք այս հարցը բարձրացրել ենք ԳԱԱ պատմության ինստիտուտում, պատասխանել են՝ աշակերտներն ինքնուրույն եզրահանգումներ անելու համար այդքան խելացի չեն»,-ասում են միության անդամները՝ նշելով, որ իրենց ակցիայի նպատակը հանրությանն իրազեկելն է խնդրի մասին, որպեսզի ունենանք անաչառ դասագրքեր։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ հետևել են իշխանության օրինակին և փակել են ԳԱԱ պատմության ինստիտուտի շենքի մուտքը, քանի որ իրենց ձայնը այլ կերպ լսելի չէ և հարցը բարձրացնելու՝ իրենց քաղաքակիրթ տարբերակը չի ընդունվել։