Այսօր ԱԺ ճեպազրույցին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ ասաց, որ այս ընտրություններին բոլորը կտեսնեն ՀՅԴ-ի իրական դեմքը, և բոլորը պետք է գիտակցեն, որ Երևանը չի վաճառվում:

Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե պայքարը գնալու է ոչ թե առաջին, այլ երկրորդ տեղի համար, Ա. Վարդանյանը նշեց, որ դա «նույն օպերայից է, նույն սցենարն է»: «Ընդդիմությունը, կարծում եմ, այսօր լիարժեք հնարավորություն ունի ավագանու ընտրություններին համախմբվել, քաղաքը կառավարել լիարժեք»,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը, ում խոսքով՝ իրար նկատմամբ թշնամանքով երկիրն են կործանում:

Անդրադառնալով ՀՅԴ պատգամավոր, Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի ամիսներ առաջ արած այն հայտարարությանը, թե Դաշնակցությունը չի գնում մի գործընթացի, որի վերջը չի տեսնում, և այն հարցին, թե ՀՅԴ-ն տեսնո՞ւմ է այս գործընթացի վերջը, հաղթանակը, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Շատ դժվար է կանխատեսել պրոցեսները: Նույն այն նշաձողը, որ դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, չափազանց ծայրահեղ է, չափազանց կարևոր է, թե հասարակության ո՞ր մասն է ակտիվ դիրքորոշում ունենում»: