«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդու՝ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով քրեական գործ է հարուցվել: Գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հանգամանքներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Վահագն Արսենյանը, սակայն, գործում որպես մեղադրյալ ներգրավված չէ:

 

Եթե մինչև արտահերթ ընտրությունները Արսենյանը Փաշինյանի «դաշնակիցն» էր, ու Վայոց ձորի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անգամ հյուրընկալվեց Արսենյանի կրտսեր որդու՝ Վահագնի «անասնաֆերմայում», ապա ընտրություններից հետո Փաշինյանի իշխանության թիրախում է հայտնվել նաև Արսենյանի որդին՝ նույն Վահագնը։ Ինչպես հայտնի է, Արսենյանի երկու որդիներն էլ ազատվել են պարտադիր զինծառայությունից, ավագ որդին՝ Արսեն Արսենյանը, ուսումնառության ընթացքում ամուսնացել է և զինծառայությունից ազատվել է ընտանեկան տարկետման՝ երկու երեխա ունենալու հիմքով։ Իսկ կրտսեր որդի Վահագն Արսենյանը՝ առողջական, որոշ տեղեկություններով՝ տեսողության հետ կապված հիմքով։

 

Ինչ խոսք, Արսենյանի շուրջ ստեղծված իրավիճակն ուշագրավ է: Եթե ՀՀԿ-ական նախկին օլիգարխների հետ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը մուծվելով հաջողացնում է հանգիստ ապրել, դեռ մի բան էլ արտոնություններ ստանալ կառավարությունից, ապա Արսենյանի մասով հստակություն չկա: Դժվար է նաև հասկանալ, թե երբ և ինչ պատճառով սառեցվեցին երբեմնի դաշնակցային հարաբերությունները նոր իշխանությունների հետ: Սակայն իմանալով այս իշխանությունների գործելաոճի առանձնահատկությունները, այն է՝ քրեական գործեր հարուցելով, պրեսինգի ենթարկելով ռեկետ իրականացնելը, կարելի է ենթադրել, որ այստեղ էլ մի բան այն չէ և նախկին ՀՀԿ-ական գործարարի «պոչին» պարզապես նստել են: Ընդ որում. Արսենյանի որդուն դեռ մեղադրանք չի առաջադրվել, առանցքայինը իհարկե դեռ-ն է, քանի որ պատկան մարմինները հասկանում են, որ մեղադրանք առաջադրելու դեպքում կարող են պարզապես տակից դուրս չգալ: