Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց 2-րդ նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Դատալեքսից տեղեկացանք, որ մերժվել են Վճռաբեկ ներկայացրած մեր վերջին բողոքները, բայց դեռ որոշումները չենք ստացել։ Դատալեքսում միայն եզրափակիչ մասն է, որի թղթերը հենց ստանանք, որոշումները կնայենք։ Մի քանի օրում կստանանք, որից հետո ավելի մանրամասն արձագանք կտանք»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ որոշ հարցեր կային, որոնց շրջանակում ակնկալում էին, թե ինչ որոշում պետք է հայտներ Վճռաբեկ դատարանը․ «Խոսքը վերաբերում է կալանքին և գործի վարույթը կասեցնելուն։ Կնայենք որոշումները, կհասկանանք՝ մարդու իրավունքների խախտումներ կան, թե ոչ, որից հետո մեր գործողությունները կորոշենք և կկարողանանք ասել մեր դիրքորոշումը»,- նշեց Օրբելյանը։

Նշենք, որ Քոչարյանի փաստաբանական խումբը դեռևս մեկ տարի առաջ դիմել էր ՄԻԵԴ՝ հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը Հայաստանում պաշտպանության արդյունավետ միջոց չէ։ Անդրադառնալով ՄԻԵԴ-ի պատասխանին՝ Օրբելյանն ասաց, որ այնտեղից որոշում դեռևս չեն ստացել, սակայն հույս ունենք՝ մոտ ապագայում որոշումը կլինի։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանական խումբը դիմել էր Վճռաբեկ դատարան' բողոքարկելով Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի հունիսի 25-ի որոշումը, ըստ որի' Քոչարյանի խափանման միջոց անձնական ստորագրությունը փոխարինվեց կալանքով։