Վերջին ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու: Իրականում Փաշինյանի մատնանշած պրոցեսը սկսել է հեղափոխությունից անմիջապես հետո և շարունակվում է մինչ օրս: Ընդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ՀՀԿ-ին մեղադրում, որ վերջիններիս իշխանության հիմքը ոչ թե ՀՀ քաղաքացիներն են, այլ փողը, կապիտալը: Ինչ խոսք՝ Փաշինյանը ճիշտ էր: Սակայն ինչպես տեսնում ենք, այսօր էլ արդեն ինքն է լինելով իշխանության ղեկին, իր համար ընտրել ՀՀԿ-ի արժեհամակարգին հարիր հիմք: Սեփականության վերաբաշխման պրոցեսը Հայաստանում տեղի է ունենում անգամ ամենաստորին մակարդակում, երբ որոշ համայնքապետեր փորձում են հարվածել այսպես կոչված՝ «գծատերերին», յուղոտ բիզնեսը իրենցով անելու համար:

Իսկ ավելի բարձր մակարդակում խաղը էլ ավելի հետաքրքիր է: Սեփականության մասին օրենքի նոր նախագիծը, ինչպես նաև բանկային գաղտնիքի մասին ՝ արդեն իսկ աղմուկ հանած նախագիծը իրականում ծառայելու են մեկ նպատակի՝ վերաբաշխել կապիտալը և սեփականությունը: Իհարկե, հեղափոխությունը հենց դա էլ ենթադրում է, սակայն գործընթացը պետք է ամբողջությամբ տեղավորվի օրինականության սահմաններում, մի բան, որը մենք այսօր չենք նկատում: Անգամ անցումային արդարադատության համակարգի ձևավորումը մեծապես ուղղված է նախկիններին ճնշելու գործիքակազմի ձևավորմանը, ոչ թե՝ արդարության վերականգնմանը, քանի որ պարզ ճշմարտություն է՝ արդարությունը ընտրովի չեն վերականգնում: Հիմա էլ իշխանությունները հիշել են Երևանի կենտրոնի ապօրինի կառուցապատումը: Արդեն իսկ պարզ է, որ այս հարցը վերաբացելու հիմքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը ևս մեկ հոդվածով «հարստացնելն» է, իսկ մնացած ֆիգուրանտները ինչքան «կմուծվեն»՝ «կմուծվեն»: Գործընթացը իհարկե ներկայացվելու է իբրև՝ նախկին իշխանությունների ապօրինություններից տուժածներին փոխհատուցում տրամադրելու վեհ ցանկություն: Հետաքրքիր է, հեղափոխությունից հետո քանի՞ քաղաքացու է տրամադրվել նման փոխհատուցում, իհարկե չհաշված Մարտի 1-ը, որտեղ իշխանությունները էմոցիոնալ ֆոն ապահովելու գերխնդիր են լուծել:

Արդյո՞ք չեն եղել այլևս քաղաքացիներ, ովքեր տուժել են նախկին իշխանության կոռուպցիոն գործարքների արդյունքում: Իհարկե եղել են, սակայն մինչ օրս հարուցած քրեական գործերի միակ նպատակը եղել է ոչ թե արդարության վերականգնումը, այլ քաղաքական հաշվեհարդարը և ընդհանուր «կասսա» մուծվելու պահանջը: Նրանք ովքեր այդ պահանջին չեն ենթարկվել՝ հայտնվել են բանտում, իսկ իշխանությունները դեռ շարունակում են կապիտալի և սեփականության վերաբաշխման համար դաժան ճակատամարտը՝ ամեն հնարավոր և ահնարին միջոցներով, քաջ գիտակցելով, որ իշխանությունը պահելու համար փող է պետք և այն էլ ՝ շատ փող…