ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կարծում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ամեն հայց չէ, որ քննվում է, և Քոչարյանի գործով հայցը քննելու որոշումը խոսում է այն մասին, որ գործում մարդու իրավունքների ոտնահարման հարց կա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վարդևանյանը:

«ՄԻԵԴ-ը չի ընդունում բոլոր դիմումները, և եթե գործը քննվում է, ապա խնդիր է տեսել։ Կարծես ներկայացվում էր, որ ՄԻԵԴ-ն ուսումնասիրելով հարցը կոնվենցիայի տեսանկյունից, այն վերաբերելի չէ Հայաստանի օրենսդրությանը: Կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքները բոլորն ինկորպորացվել են ՀՀ Սահմանադրության մեջ դեռեւս 2005-ին, կատարելագործվել են 2015-ի սահմանադրական բարեփոխումներով: Իսկ Սահմանադրության 81-րդ հոդվածը հստակ արձանագրում է, որ իրավունքների մեկնաբանման ժամանակ պետք է հաշվի առնել միջազգային ատյանների՝ ինչպիսին Եվրոպական դատարանն է, իրավական դիրքորոշումները»,- ասաց նա:

Վարդեւանյանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի 17 դատավոր քննելու է, թե արդյոք ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը համապատասխանում է կոնվենցիայի մի շարք իրավունքներին, թե ոչ. «Պատկերացրեք՝ պարզվում է, որ 300.1 հոդվածը խախտում է կոնվենցիայի իրավունքները, արդյոք դա կնշանակի զուտ խորհրդատվական կարծիք: Ֆորմալ առումով դա կոչվում է խորհրդատվական կարծիք, բայց ինչի՞ համար է այդ գործիքը նախատեսվել. նախատեսվել է, որպեսզի հետագա նման խախտումները կանխվեն: Որ այդ փուլում դատական մարմինները, Վճռաբեկը կամ ՍԴ-ն, դիմում ներկայացնելով ՄԻԵԴ-ին, կանխեն իրավունքների հնարավոր խախտումները»,- ընդգծեց փաստաբանը՝ նշելով, որ մինչեւ հիմա ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե 300.1 հոդվածն ինչի մասին է:

Ըստ նրա, եթե ՄԻԵԴ-ը որոշում է, որ խախտում չկա, ապա որպես կանոն վարույթ չի ընդունում։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՄԻԵԴ-ը Մեծ պալատ է ձեւավորել (17 դատավորից բաղկացած)՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ին խորհրդատվական կարծիք տալու համար: