Կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Գագիկ Պանդուխտի Մանուկյանը:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Երևանի ՆորՆորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին՝ եկեղեցուց:

Համառոտ կենսագրություն

Գագիկ Պանդուխտի Մանուկյանը ծնվել է 1949 թվականին Երևանում: Ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Արագածոտնի մարզում՝ որպես շտապօգնության բժիշկ: 1979 թվականից աշխատել է Երևանի թիվ 2 շտապօգնության կլինիկական հիվանդանոցում (այժմ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն):

Երկար տարիներ զբաղեցրել է նշված բժշկական կենտրոնի շտապօգնության և վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնը: Այնուհետև զբաղեցրել է նույն բժշկական կենտրոնի անհետաձգելի բժշկական օգնության գծով փոխտնօրենի, իսկ 2016 թվականից՝ բուժական հարցերի գծով փոխտնօրենի պաշտոնը: 2019 թվականից Գ.Մանուկյանը զբաղեցնում էր տնօրենի խորհրդականի պաշտոնը:

Աշխատակիցների խոսքով՝ Գագիկ Մանուկյանը այն բժիշկներից էր, ում համար բժշկությունը ոչ միայն գիտություն է, նաև արվեստ, մարդկային հարաբերությունների արվեստ:

Գագիկ Մանուկյանը առաջիններից էր, ով իր մասնագիտական կարողություններն ու հմտություններն օգտագործեց 1988 թվականի երկրաշարժի տուժածներին շտապ և անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման գործում: Իսկ Արցախյան հերոսամարտի տարիներին նա իր ներդրումն ունեցավ նաև ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության և Արցախի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ վիրավոր ազատամարտիկների ու խաղաղ ազգաբնակչության բժշկական օգնության ցուցաբերման գործում:

Աշխատանքային գործունեության տարիների ընթացքում Գագիկ Մանուկյանը բազմիցս պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլ պետական և հասարակական կազմակերպությունների կողմից պատվոգրերով: 2001 թվականին՝ ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մ.Հերացու անվան մեդալով, իսկ 2013 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտարարած «Տարվա բժիշկ» մրցույթի «Վերադարձ կյանքին» անվանակարգի մրցանակին: