Աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել լքված գործարանում կազմակերպված երեկույթի ժամանակ 2016 թ.-ին, Բարսելոնայում: Տղամարդիկ դեռահասին սեռական բռնության են ենթարկել, երբ նա ալկոհոլից և թմրանյութերից կորցրել էր գիտակցությունը:

Բարսելոնայի դատարանը հինգ տղամարդու վրայից հանել է անչափահասին բռնաբարելու մեղադրանքը և որոշել է, որ նրանք մեղավոր են պակաս ծանրության հանցագործության համար: Տղամարդիկ 10 և 12 տարվա ազատազրկման և 12 հազար եվրո տուգանքի են դատապարտվել, հայտնում է CNN-ը:

Դատավորները, մասնավորապես, հայտարարել են, որ բռնաբարության մեղադրանքը չի համապատասխանում տերմինի իրավական սահմանմանը, քանի որ 14-ամյա աղջիկը չի դիմադրել: Համաձայն իսպանական օրենսդրության, հարձակումը կարող է համարվել սեքսուալ միայն ուղղակի բռնության կամ ահաբեկման դեպքում: Իսկ այս դեպքում աղջկան չեն սպառնացել:

Նշվում է, որ Իսպանիայի քաղաքացիները ծայրաստիճան դժգոհ են դատարանի որոշումից: Նրանք կարծում են, որ կառավարությունը պարտավոր է փոփոխել գործող օրենքը և հստակեցնել, որ առանց համաձայնության ցանկացած սեռական գործողություն հարձակում է: