18 տարի առաջ «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով 10 անձ է հարցաքննվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Անդրադառնալով հարցաքննվածների շրջանակին՝ Հարությունյանը նշեց․ «Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Առաջիկայում կհարցաքննվի նաև Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Դատախազությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 2001 թ․ սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որի համաձայն' Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ չի բացառվում նաև, որ հանցանքի կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք։ Աղամալ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 2001թ-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: Նա դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: