Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել, կրակոց է հնչել: Ըստ տեղեկությունների` գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել է կրակոցը, ապա դիմել են փախուստի։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մկրտիչ Սափեյանը հաստատեց վիճաբանության վերաբերյալ տեղեկությունները՝ նշելով, որ ինքն էլ է այնտեղ եղել, սակայն կրակոցների հետ կապված լուրերը սուտ որակեց։ 

Նրա խոսքով՝ խնդիրն առաջացել է իր որդուն «Թալին» ՋՕԸ պետի տեղակալ նշանակելու հետևանքով․ «Այսօր իմ տղային նշանակել են տեղակալ։ Գնացել ա գործի, հավաքվել, ասել են՝ բա դու չպիտի աշխատես։ Զանգել ա ինձ, գնացել եմ, ասել եմ՝ դուք ո՞վ եք, որ չթողեք աշխատի։ Ուրիշ գյուղերից մի քանի հոգի էին, չգիտեմ՝ ովքեր էին։ Վիճաբանություն, լեզվակռիվ ա եղել, էդ ա։ Քննչական մարմնինները թող պարզեն՝ ինչն ինչոց ա»,- մանրամասնեց Սափեյանը։

Թե որտե՞ղ է այս պահին տղան՝ հարցին ի պատասխան Սափեյանն ասաց․ «Էսօր առաջին օրն էր, որ գնացել էր, էն էլ  էդ միջադեպն ա եղել, թողել հետ ա եկել»,- նշեց նա։

 

 

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում ոստիկանությունից հայտնել էին, որ այսօր՝ ժամը 12։00-ի սահմանում, տեղեկություն է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժնում, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն է եղել։ Ոստիկանության աշխատակիցները պարզում են դեպքի հանգամանքները։