«Միանշանակ մենք թույլ չենք տալու համակարգչի առգրավվում, ապօրինի դատական ակտերի դեմ բողոքարկելու ենք և չենք ենթարկվելու որևէ ձևով»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ անդրադառնալով ԱԱԾ քննիչի կողմից իր պաշտպանյալ, փաստաբան Հովհաննես Չամսարյանի համակարգիչներն առգրավվելու հանգամանքին։

Նա նշեց, որ դեռևս սպասողական վիճակում են․ «Ինչպես հասկացա՝ ԱԱԾ-ն փորձում է ղեկավարությունից ճշտել գործողությունների հետագա ընթացքը։ Սակայն ինձ չի հետաքրքրում, թե ինչ է որոշելու իրենց վերադասը, կարևորը, թե մենք ինչ ենք որոշում այս գործով։ ԱԱԾ գործողություններն օրենքն արգելում է հետևյալ դեպքերում․ առաջին՝ փաստաբանն անմիջականորեն զբաղվում է այդ գործով, որի առնչությմաբ ուզում են առգրավել համակարգիչը, ինչն այս պայմաններում առկա է, երկրորդ՝ եթե անմիջական չի զբաղվում տվյալ գործով, միևնույն է առկա է փասաբանական գաղտնի բացահայտման խնդիր։ Այս դեպքում անձը ներգրավված է այդ պրոցեսում, դրա հետ մեկտեղ ուզում են առգրավվել 2 համակարգիչ, որի մեջ կան նաև այլ անձանց վերաբերող տեղեկություններ և տվյալներ։ Մենք որտեղի՞ց համոզված լինենք, որ տանելով համակարգիչները՝ մուտք չեն գործի և համակարգչի տեղեկությունները չեն փորձի տեսնել, օգտագործի»,- նշեց նա։

Ըստ Կիվիրյանի՝ սա լուրջ վտանգ է և բոլոր փաստաբանները միահամուռ իրենց բացասական դիրքորոշումն են արտահայտում։

«Մտածելու բան ունի այն դատավորը, ով դուրս է եկել օրենքի պահանջներից և նմանատիպ որոշումներ է կայացնում։ Թույլ չենք տալու՝ այսպես շարունակվի։ Ապօրինի դատական ակտերը ի կատար չեն ածվելու»,- ասաց նա։

Սոնա Հարությունյան