ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունում օպտիմալացման արդյունքում հաստիքների կրճատում չի լինելու, նախատեսվում է միայն ԱԻՆ պաշտոնյաների հաստիքների կրճատում:

Այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

 

«Օպտիմալացումն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ները կսկսեն չգործել, մեկն արդեն իսկ փակվել է: Օպտիմալացման արդյունքում աշխատել ենք այնպես անել, որպեսզի կրճատումներ չլինեն։ Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնյաների հաստիքների կրճատում է լինելու, ինչի արդյունքում կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ տեղափոխվելու են արագ արձագանքող և կանխարգելող ստորաբաժանումներ: Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման  մեջ են և մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին: Մեր նպատակն է ունենալ առավել արդյունավետ, ապահով և պրոֆեսիոնալ կազմ, ովքեր կկարողանան շուտ դեպքի վայր հասնել և վերացնել կամ կանխարգելել հետևանքները»,- նշեց ԱԻ նախարարը։