Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Իջևանի նախկին քաղաքապետի ապօրինությունները:
Նաև հայտնի է դարձել, որ նա քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ ծառայության շահերին հակառակ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տարբեր հաստիքների հրամանագրել է իրականում աշխատանքի չհաճախող 7 քաղաքացիների, թույլատրել է նրանց անվամբ 2014-2020 թթ. ընթացքում՝ որպես աշխատավարձ, դուրս գրել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումարներ՝ դրանով իսկ վատնելով դրանք։
Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է, որ յուրացվել և վատնվել է նախնական տվյալներով ընդհանուր 17.6 միլիոն ՀՀ դրամ գումար: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում պատճառված վնասի չափը հստակեցնելու, հանցագործության կատարմանը ներգրավված անձանց շրջանակը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։