Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված` Հայաստանում ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրողները շեշտակի ավելացել են, բայց դրանց գները շուկայում էականորեն չեն փոխվել։ Պարզվում է նաեւ՝ դրանց վաճառքի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում։ Տնտեսական մրցակցության պատշտպանության պետական հանձնաժողովը մարտի 14-ին հայտնել էր տեղական 3 ընկերության մասին, որոնք հակամանրէային ախտահանիչ նյութեր են արտադրում։ Դրանք են՝ «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Lina), «Արսանիտ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը` «Ալկոգել»), «Էկոֆորմ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mister Jin)։ Բնական է, որ այս իրավիճակում քիմիական ախտահանիչ նյութեր, դեղամիջոցներ են ձեռքբերվում  նաև պետական կարիքները հոգալու նպատակով, քանի որ համաճարակի պայմաններում ախտահանվում են և դեղորայքով են կոմպլեկտավորվում բոլոր պետական հիմնարկները: Ուշագրավ են այն գնման պայմանագրերը, տենդերները, որոնք այս ամիսների ընթացքում ձևակերպվել են գերատեսչությունների և մի շարք ընկերությունների միջև: Թեև իշխանությունները պնդում են, որ ի հայտ են եկել նոր ընկերություններ, որ պետք է աջակցել նաև նրանց կայացմանը և գնել նրանց արտադրած ապրանքները՝ իրենք գնումները կատարում են փորձված տարբերակով: Օրինակ՝ ԵՊԲՀ-ն և ԱԱԾ-ն նախընտրում են գնումները կատարել Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ից:
Ամիսներ առաջ «Նատալի ֆարմ»-ի հետ նման պայմանագիր է կնքել նաև ՊՆ-ն:
 
Բացի այդ, մեր գերատեսչությունները բավական ակտիվ կերպով համագործակցում են մի շարք այլ ՍՊԸ-ների հետ, որոնց թիկունքում կանգնած են նախկինները: Օրինակ՝ չնայած հանգամանքին, որ ամիսներ առաջ առողջապահության նախկին նախարարի՝ Լևոն Ալթունյանի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի ընկերությունը՝ «Արմենֆոն» ՍՊԸ-ն հայտնվել էր կոռուպցիոն սկանդալի կիզակետում, այնուամենայնիվ դա մեր պաշտոնյաներին չի կանգնեցնում: Վերջինիս պատկանող «Վարո» ընկերության հետ ամիսներ առաջ 11 միլիոն դրամի գնման պայմանագրեր են կնքվել:
 
Նրան պատկանող «Մագտոնի» ՍՊԸ-ի հետ էլ վերջին ամիսներին ակտիվ համագործակցում է և ախտահանիչ նյութեր է գնում նախագահի աշխատակազմը:
 
Ի դեպ, «Արմենֆոն» մրցույթների հետ կապված սկանդալի մեջ էր հայտնվել այն ժամանակ, երբ հարցը բարձրացրել էր մեկ այլ ընկերություն, որին թույլ չէին տվել մասնակցել ՊՆ կազմակերպած մրցույթին: Խոսքը «Խաչպար» ընկերության մասին է, որը ռուսական «Ինտերսան» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը դիմել է մայր ձեռնարկությանը եւ ստացել է գիտական հանրության կողմից ախտահանիչ նյութերի վերաբերյալ կատարված հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա Երեւանում սեմինարներ են կազմակերպվել:  «Երբ որ մենք իրենց նյութերը համեմատում ենք ռուսական գիտական շրջանակների հետազոտությունների հետ, պարզվում է, որ այդ նյութերը օրինակ՝ տուբերկուլոզի հարուցիչին չեն ոչնչացնում: Նման էֆեկտ չունեն, չեն սպանում: Իրենք գրել են, որ հերիք չի սպանում են, մի հատ էլ դրանք սպանելու ժամկետներն են նշել»,- հայտարարել է Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ եթե իրենց ներկայացրած նյութերը տուբերկուլոզի հարուցիչին սպանելու հատկություն չունեն, նշանակում է, որ 10 տարուց ավելի է՝ «Անիոս» ֆիրմայի ախտահանիչ նյութերը վաճառվել են պետությանը եւ էֆեկտ չեն տվել: «Երբ նայում ենք առողջապահության նախարարության վիճակագրությունը, տեսնում ենք, որ 10 տարվա մեջ տուբերկուլոզը «բարգավաճել է», չնայած դրա դեմ պայքարին: Սրանց մեջ ես ուղղակի կապ եմ տեսնում, մինչեւ վերջին 3 տարին մեր շուկայում չի եղել այլ ախտահանիչ նյութ: Դա ես համարում եմ ազգային անվտանգությանը վերաբերող ահազան:»,- մամուլին տված հարցազրույցներից մեկում ասել էր  «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենը:
 
Ինչպես տեսնում ենք, չնայած շուկայում  ՏՄՊՊՀ խոսքերով՝ մրցակցային միջավայր է ձևավորվել՝ գնումների գործընթացի վրա այդ փոփոխությունները դեռևս չեն արտահայտվում: