Նախորդ տարի, երբ Սևանա լիճը բախվեց իսկական էկոլոգիական աղետի, բնապահպանության նախարարությունը հայտարարեց, որ խնդրի լուծման նպատակով ԵՄ-ից ստացել են 5 միլիոն եվրոյի դրամաշնորհ: Մասնավորապես, հայտարարվել էր, որ մշակվել է «Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության հիմնախնդիրները, դրանց կարգավորման անհրաժեշտ և նախատեսվող գործողությունները» փաստաթուղթը, ինչը ներկայացվել էր ԵՄ գործընկեր դոնոր կազմակերպություններին՝ ֆինանսավորման նպատակով։ Ֆինանսավորումը ստացվել է, խնդիրը դեռ կա: Այս տարի էլ կապուտաչյա գեղեցկուհին բախվել է նույն խնդրին, որի կրկնակի ծագումը պատկան մարմինները պետք է կանխած լինեին: Ինչի՞ մասին է սա խոսվում:

 

Թերևս, երկու բանի՝ կա՛մ նախարարությունը արդյունավետ չէ օգտագործել ստացված կլորիկ գումարը, կա՛մ այդ գումարը ընդհանրապես ծախսվել է այլ նպատակներով: Համենայնդեպս, կատարված աշխատանքների ծավալներն անզեն աչքով էլ բավարար չեն և խնդիրը դեռևս առկա է: Բացի այդ, Գերմանիայի կրթության եւ գիտության նախարարությունը 1,5 մլն եվրո դրամաշնորհ էր տրամադրել Հայաստանին Սեւանա լճի շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու համար: Ուսումասիրվել է արդյո՞ք իրավիճակը, և եթե այո՝ ինչ եզրակացությունների է հանգել նախարարությունը: Իհարկե, որևէ մեկը չի պնդում, որ գործ ունենք միանշանակ կոռուպցիոն ռիսկի հետ, սակայն, այնուհանդերձ, գումարները ծախսվել են, իսկ արդյունքը՝ գրեթե զրոյական է: Նախարարության նախորդ տարի տարածած հայտարարության մեջ բառացիորեն նշվում էր, որ 5 միլիոն եվրո է նախահամաձայնեցվել ԵՄ կողմից Սևանա լճին վերաբերող բնապահպանական խնդիրների լուծման համար: Կրկնենք՝ լուծման: Իսկ խնդիրներն այսօր լուծված չեն, հետևաբար հարց՝ ինչի՞ վրա է ծախսվել սույն դրամաշնորհը…