րմեն Աշոտյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արթուր Նահապետյանի կողմից: Բողոքի քննությունը կանցկացվի գրավոր. դատավորը չցանկացավ իրականացնել բանավոր քննություն: Որոշումը կկայացվի հուլիսի 17-ին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Իմ խորին համոզմամբ, որևէ նշանակություն չունի, թե այդ դատարանի կոնկրետ որ դատավորն է իրականացնելու իմ բողոքի քննությունը, որովհետև ով էլ լինի, բողոքը մերժելու է, քանի որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է և նրա անազատության մեջ հայտնվելու իրական և միակ հեղինակը բոլորին հայտնի է:

Սակայն դատավոր Արթուր Նահապետյանի ընտրությունը, մեղմ ասած զարմանալի է:

Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անմիջական իրականացնողը դա ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Քարամյանն է, ով խիստ «պատահական» զուգադիպությամբ հանդիսանում է դատավոր Ա.Նահապետյանի մտերիմ ընկերը և քավորը:

Դեռ ավելին, եթե համեմատենք Ա.Քարամյանի և Ա.Նահապետյանի վերջին 5 տարիների կենսագրությունը, ապա ակնհայտ կդառնա, որ նրանք ոչ միայն ընկերներ են, այլ խիստ փոխվստահություն վայելող ընկերներ են, քանի որ Ա.Նահապետյանը «պատահական» զուգադիպությամբ աշխատել է Ա.Քարամյանի գլխավորած բոլոր հիմնարկներում:

Շիրակի դատախազության շենքում ձևավորված այս ընկերությունը, հետագայում՝ քավոր-սանիկությունը, իհարկե, վատ բան չէ, եթե այն փաստացի չդառնար մարդկանց քաղաքական հետապնդումների ենթարկելու մի օղակ:

Բոլոր ողջամիտ մարդկանց պարզ է, որ հակակոռուպցիոն դատարանների բուրգը դա իրականում ստալինյան տռոյկաների ռեինկարնացիան է, որի գործը ոչ մի կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ, այլ իրականում դա ընդամենը գործող հայրենավաճառ ռեժիմի ռեպրեսիաների սպասարկումն է:

Հետաքրքիր է, որ Արմեն Աշոտյանի դեպքում այդ ակնհայտ ապօրինի և քաղաքական հետապնդումը համեմվում է նաև քավոր-սանիկական «կծու պղպեղով»»: