Արցախի ՀԿ-ները դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«Ձեզ, անկասկած, հայտնի է այն իրավիճակը, որում այսօր գտնվում է Արցախի Հանրապետությունը 7 ամսից ավելի տևող շրջափակման հետևանքով։

ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է լինել Արցախի Հանրապետության բնակչության անվտանգության երաշխավորը։

Ցավոք, դուք խախտելով Սահմանադրությունն ու Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, չունենալով լիազորություններ, փոխանցել եք այդ երաշխավորի գործառույթը, Արցախի բնակչության բոլոր իրավունքները այլ երկրների և շարունակում եք սպասարկել օտար երկրների շահերը, ցեղասպանության վտանգի տակ դնելով 120 հազար մեր ու ձեր հայրենակիցներին։

Բազմաթիվ անգամ ձեր ելույթներում, կառավարության նիստերի ժամանակ, հայտարարել եք, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում Արցախի Հանրապետությունում։

Դրա մասին 8-ից ավելի անգամ ահազանգել է նաև Լեմկինի Ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը։

Այսօր Արցախում մարդկանց սովի մատնելով մեզ բոլորիս ստիպում են հրաժարվել մեր իրավունքներից և պետականությունից։

Ու այս ամենի մեջ առկա է նաև Հայաստանի Հանրապետության իշխանությունների մեղքը, որը հրաժարվում է պաշտպանել իր քաղաքացիների մի մասին, որոնք ունեն նույն ՀՀ քաղաքացու անձնագիրը։

Դուք դեռ կարող եք փրկել մեր հարազատներին ցեղասպանությունից, դիմելով ՄԱԿ Անվտանգության Խորհուրդ և հորդորելով օրակարգ մտցնել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը։

Դուք, որպես ՀՀ վարչապետ, պարտավոր եք պահանջել՝ Արցախի Հանրապետություն մտցնել ՄԱԿ խաղաղապահ զորքեր, քանի որ ռուս «խաղաղապահները» չեն կատարում իրենց պարտականությունները։ Ռուսաստանի Դաշնությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ հանցավոր պայմանավորվածությամբ իր զորքերը մտցրել է Արցախ՝ հայաթափելու Արցախի Հանրապետությունն ու այն հանձնելու Ադրբեջանին, ինչպես որ տեղի ունեցավ 1988-91 թվականներին, երբ խորհրդային զորքերի աջակցությամբ հայաթափվեցին մի շարք հայաբնակ քաղաքներ ու շրջաններ։

Դուք պարտավոր եք օգտագործել վերջին հնարավորությունը և կարճ ժամկետում կանխել մեր հարազատների սպանդը։

Հակառակ դեպքում մենք կդիմենք Մինսկի խմբի մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին և կհորդորենք, որ իրենք վերցնեն խնդիրը ՄԱԿ ԱԽ օրակարգ մտցնելու նախաձեռնությունը, քանի որ ՀՀ իշխանությունը ուզուրպացված է և չի պաշտպանում իր քաղաքացիների շահերն ու անվտանգությունը, ստորադասելով դրանք օտար երկրների շահերին»։

«Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ տնօրեն Մ․ Քարամյան

«Հանուն Հադրութի» ՀԿ տնօրեն Լ․ Հայրիյան