11-օրյա լիակատար արգելափակումից հետո Արցախից 11 բուժառուներ  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար ԿԽՄԿ–ի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը։

Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի եւ բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն եւ կանգնել են մահվան վտանգի առջեւ, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի եւ բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռեւս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ վերադարձին:

«Արեւիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։