Ազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:

Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։

Նկատի առնելով նշվածը՝ այսօր' ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:

Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն»: