Ես չեմ կարծում, որ Հայաստանն ընդունել է Ադրբեջանի՝ երկկողմ բանակցությունների առաջարկը։ Համենայնդեպս, ԱԳՆ-ի հայտարարությունը մի քիչ խուճուճ էր. ոչ ասեցին՝ ընդունում ենք, ոչ էլ ասեցին՝ չենք ընդունում, որովհետեւ իրենք մտածելու կարիք ունեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, չի կարելի ընդունել երկկողմ բանակցությունների առաջարկությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի այսօրվա կառավարիչը, որ ուզում էր քննադատել կամ խայթել ինձ, երբ ասում էր՝ տեսեք-տեսեք, ինքն ասում է, որ Ալիեւի հետ չի բանակցել, իսկ ես բանակցում եմ: Մենք տեսանք՝ ինչի բերեցին այդ բանակցությունները: Խնդիրն այն չէ, որ դիմացինդ հաճելի անձ է՝ որպես բանակցող, թե տհաճ: Խնդիրն այն է, որ այդ բանակցության արդյունքը ինչ-որ մեկ այլ ուժի, հզոր երկրի կողմից պետք է երաշխավորվի: Եթե դա չի երաշխավորվելու, ապա էդ թուղթն ում է պետք: Կողմերից յուրաքանչյուրը կարող է խախտել այդ պայմանավորվածությունները: Պատահական չէ, որ Արցախի հարցով մեր բանակցություններում համանախագահներն աշխարհի երեք հզոր երկրներն էին:

Ես համոզված եմ, որ երկկողմ բանակցությունները տանելու են փակուղի և եթե ստացվի, ապա մեծ զիջումներով, որոնք մեզ որեւէ ապագա չեն խոստանում»,-ասաց նա: