Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։

France 24-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։

«Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։