Խնամի-ծանոթ-բարեկամներին պետական համակարգում տեղավորելու արատավոր պրակտիկային վերջ տալու եւ այդ ամոթալի էջը մեր պատմության մեջ փակելու խոստում տված Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շարունակում են խաբել հասարակությանը:

Դիցուք՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենն է Արմեն Հովհաննիսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր տնօրենի տեղակալի պաշտոնը: Ըստ «ՀԵՏՔ»-ի՝ Հովհաննիսյանն այդ պաշտոնին է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի երաշխավորությամբ։ Արմեն Հովհաննիսյանն ու Դավիթ Դանիելյանն ընկերներ են։

Նույն «ՀԵՏՔ»-ը գրում է, որ Արմեն Հովհաննիսյանի՝ տնօրենի պարտականությունները ստանձնելուց հետո ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակվում պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարազատ եղբայրը՝ Հայկ Դանիելյանը, որը մինչ այդ տնօրենի խորհրդականն էր, իսկ այդ պաշտոնից առաջ աշխատում էր Կոտայքի մարզային ծառայությունում։

ՊՈԱԿ-ի ցուցադրությունների և միջոցառումների կազմակերպման բաժնում աշխատանքի է անցնում Դավիթ Դանիելյանի կնոջ եղբայրը՝ Արամ Անտոնյանը, որը Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանող է։

Կադրային տեղաշարժեր են տեղի ունեցել նաև ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային ծառայությունում։ Մի քանի ամիսների ընթացքում մարզային ծառայության երեք պետ է փոխվել, երեքն էլ՝ Կապանից, ու դարձյալ Դավիթ Դանիելյանի մտերիմները։ Ներկայիս պետը՝ Շանթ Դավթյանը, մինչ այդ աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ որպես բանվոր:

Ահա այսպես «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտի զարգացմամբ է զբաղված հեղափոխական իշխանությունը, իսկ նախկինում բողոքում էին դրա դեմ, քանի որ չէին կարողանում իրենց ծանոթներին աշխատանքի տեղավորել: