Lragir.am. Նավասարդ Կճոյանը, ով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդն է, Հրապարակ օրաթերթի հետ ճեպազրույցում ասում է, թե մեքենան իր համար գանձ չէ, սովորական բան: Ըստ Կճոյանի, մեքենան գանձ է նրանց համար, ովքեր մատնանշում են իր Բենթլի ունենալը:
Մեքենան սովորական բան է, բայց Բենթլին մեքենա չէ: Բենթլին շքեղություն է մեքենայի տեսքով: Իսկ շքեղությունը Հայաստանում չի հարկվում: Հայաստանում հարկվում է ամեն ինչ, շքեղությունից բացի: Բենթլի ունեցողները որեւէ հարկ չեն տալիս, իսկ ահա Բենթլիի անվահեծի գնի չափ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսները պետությանը հարկ են տալիս՝ երեւի Բենթլիի լուսարձակի գնի չափ:
Եթե Նավասարդ Կճոյանը Բենթլիի համար հարկ վճարեր, ապա այն կդադարեր նրա համար սովորական լինել: Ավելորդ է խոսել այն մասին, թե բարձրաստիճան հոգեւորականին վայել չէ ապրել այդօրինակ շքեղություններով, թե դա վարկաբեկում է ամբողջ եկեղեցուն, որը պետք է իր ոչ միայն խոսքով, այլ նաեւ կյանքով մոտ լինի 35 տոկոս աղքատություն ունեցող ժողովրդին:
Այդ մասին շատ է խոսվել, ու եթե դա մինչեւ հիմա չի ազդել եկեղեցու որեւէ բարձրաստիճան հոր վրա, եւ Նավասարդ Կճոյանը՝ այդ հայրերից մեկը, շարունակում է Բենթլին սովորական բան համարել, իսկ մյուս հայրերի համար էլ Կճոյանի եկեղեցում լինելն ու այն էլ բարձրաստիճան հոգեւորական մնալն է սովորական, ապա եւս մեկ անգամ եկեղեցապետերի քրիստոնեական ժուժկալության ու հանրային բարոյականության մասին խոսելն ավելորդ է:
Պետք է պարզապես նրանց հարկել, հարկել նրանց շքեղությունը: Իհարկե, ոչ միայն նրանց: Պետք է հարկել բոլորին, ովքեր աղքատության ու չքավորության հսկայական շերտեր ունեցող երկրում ապրում են սովորական դարձած շքեղությամբ:
Դա օգտակար կլինի նաեւ այդ մարդկանց համար, այսինքն կլինի քրիստոնեաբար նաեւ նրանց հանդեպ, որովհետեւ երբ շքեղության տերերի համար շքեղությունը դառնում է սովորական բան, առաջանում է սուիցիդալ տրամադրությունների վտանգ, որովհետեւ կյանքը նրանցից շատերի համար կարող է դառնալ անհետաքրքիր, կարող են կորչել մոտիվացիոն լուրջ գործոններ:
Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ պետությունն այդ նրանք են, այսինքն նրանք՝ շքեղությունը սովորական դարձրած խավը, յուրացրել են պետական իշխանությունն ու մշակում են պետական քաղաքականությունը, ընդունում են օրենքներ ու որոշումներ, սահմանում են խաղի կանոններ, վերարտադրում են այդ ամենը թույլատրելի ու անթույլատրելի միջոցներով:
Զարգացած քաղաքակրթություններում, պետական իշխանությունն այդ խավի համար կլինի շքեղություն, բայց Հայաստանում այդ խավի համար պետական քաղաքականությունն էլ սովորական մի բան է դարձել, դրանից բխող բոլոր վտանգներով հանդերձ՝ թե պետության ու հասարակության, թե նաեւ իրենց համար: Այդ իսկ պատճաառով, քանի դեռ այդ խավն է պետական իշխանության տերը, շքեղությունը Հայաստանում չի հարկվի, եւ հարկը կլինի միակ անսովոր բանն ամեն ինչ սովորականացրած այդ խավի համար:

Ձեյմս Հակոբյան