Lragir.am. Կառավարությունը Սյունիքի մարզպետ Լիսկային իր դիմումի համաձայն ազատել է աշխատանքից: Կառավարությունը դա պետք է աներ ավելի վաղ, ընդ որում չսպասելով Լիսկայի սեփական դիմումին: Բայց կառավարությունն այդ ընթացքում զբաղված էր Լիսկայի պաշտպանությամբ, եւ վարչապետն օրինակ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մամուլի հրապարակումների հետքով ուղարկում էր Գորիս, որ այնտեղ ի՞նչ անի՝ դե իհարկե՝ արդարացնի Սյունիքի մարզպետին: Եթե կառավարությունը 2013 թվականի հունիսի 6-ի որոշումը սեփական նախաձեռնությամբ ավելի վաղ ընդուներ, ինչի հիմքերը եւ հասարակական պահանջը միանգամայն բավարար էին, ապա գուցե ներկայում Հայաստանի մի քաղաքացի ողջ կլիներ, իսկ հայկական բանակի զորամասերից մեկի հրամանատարն էլ կլիներ ծառայության՝ ընդ որում հրամանատար, որի մասին զինծառայողները դրական կարծիքի են:
Լավ է իհարկե, որ գոնե այս անգամ Լիսկայի պաշտոնը չպահեցին, բայց կարծես թե այդ մտադրությունն ակնհայտորեն առկա էր, եւ կառավարությունը, իսկ ավելի ճիշտ Սերժ Սարգսյանը, տեղի են տվել հասարակական բուռն ճնշման տակ: Այլապես, երբ Սուրիկ Խաչատրյանը հայտարարում էր, որ ժամանակավորապես դադարեցնում է մարզպետի լիազորությունները՝ մինչեւ նախաքննության ավարտը, կառավարությունից մեկն ու մեկը՝ ասենք արդարադատության նախարարը, հրապարակավ կասեին, որ այդպիսի զարգացում Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ, եւ մարզպետը կամ թող արձակուրդի մասին հայտարարի, կամ էլ հրաժարական տա:
Մինչդեռ Լիսկան հայտարարում էր, թե վերադասի թույլտվությունն է ստացել ժամանակավորապես դադարեցնելու համար, իսկ վերադասը լռում էր ամբողջ երկու օր, կարծես Լիսկան ոչ թե օրենքին, այլ ասենք օրվա հիդրոօդերեւութաբանական տվյալներին հակասող ինչ որ բան էր ասել:
Դա վկայում է, որ մինչեւ վերջին պահը Հայաստանի իշխանական միջանցքներում քննարկվել է Լիսկայի հարցը, եւ եղել է անորոշություն՝ պաշտոնանկ անել նրան, թե ոչ: Իսկ հենց այդ փաստն ինքնին հուշում է, որ կառավարության ներկայիս որոշումը հազիվ հազ է ադեկվատ, որովհետեւ ադեկվատ իշխանության մեջ Լիսկայի հարցով կամուկաց լինել չէր կարող, եւ չէին կարող լինել Լիսկայի այսպես ասած հայտարարությունը ու կառավարության երկօրյա լռությունը:
Այստեղ արդեն խնդիրը Լիսկան չէ, այլ իշխանությունը, եթե չի կարողանում ադեկվատ գտնվել անգամ այն իրավիճակներում, երբ դժվար է ոչ ադեկվատ լինելը, եւ ադեկվատությունն անգամ ակամա պետք է լինի:
Բանն այն է, որ այդ իշխանությունն ունի կայացնելու դեռ շատ որոշումներ, որոնք մեղմ ասած պակաս կարեւոր չեն, քան Լիսկայի խնդիրը: Սակայն երբ այս ցցուն դեպքում այդ որոշումը կայացվում է երկարատեւ կամուկացով՝ իսկ տվյալ դեպքի պարագայում երկու-երեք օրը երկար ժամանակ է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այլ որոշումների կայացման գործընթացը, եթե իհարկե դա լինի որոշումների կայացման, ոչ թե չկայացման գործընթաց:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ