Lragir.am. Վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ արշավը թափ է հավաքում: Օֆշորում նրա անվամբ գրանցված ընկերությունը կարող է դառնալ նրա հրաժարականի պատճառը, ինչը ի թիվս այլոց ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են խափանել նոյեմբերին նախատեսված Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Նման ուժերը շատ են թե Հայաստանում, թե Ռուսաստանում: Եվ ներկայում նրանք միավորվում են շրջափակելու Հայաստանի ինտեգրումը (վարչապետի գլխավորությամբ) ԵՄ-ին: Օֆշորների պատմությունը ծավալվում է, խորհրդարանի խոսնակը գործադիր իշխանությանը որակեց թալանչիներ եւ բյուջե լափողներ, իսկ այսօր էլ շշուկներ տարածվեցին այն մասին, որ ԲՀԿ-ն կարող է մտնել կոալիցիա, իսկ Ծառուկյանը՝ նշանակվել վարչապետ:
Տիգրան Սարգսյանի կառավարությունն այն աստիճան անտաղանդ է աշխատել եւ այնքան խախտումներով, որ շատ քիչ ջանք է պահանջվել վարչապետին «բացահայտելու» համար: Տիգրան Սարգսյանն անցել է արդարանալու ռեժիմի, սակայն ակնհայտ է, որ նրան չի հաջողվի հերքել օֆշորային հաշիվներն ու կոռուպցիոն սխեմաների առկայությունը կառավարությունում: Տիգրան Սարգսյանը ստիպված կլինի հեռանալ, եւ հարցն այն է՝ մինչեւ նոյեմբե՞ր, թե դրանից հետո:
Այս հարցը որոշելու է Սերժ Սարգսյանը: Եթե նա իսկապես մտադիր է մինչեւ վերջ գնալ ԵՄ հետ հարաբերությունների մասով, ապա Տիգրան Սարգսյանին կպահի մինչեւ նոյեմբեր. հնարավոր է՝ ամռանը կհանձնարարի զբաղվել ստուգումներով, ժամանակ կձգի մինչեւ աշուն, իսկ համաձայնագրի ստորագրումից հետո պաշտոնանկ կանի նրան:
Կա այլ տարբերակ՝ եթե Ռուսաստանին տարբեր միջոցներով հաջողվի Սերժ Սարգսյանին ստիպել հետ կանգնել եվրոպական ճանապարհից, նա կհավաքի խորհրդակցություն եւ կհայտարարի վարչապետի մոտալուտ պաշտոնանկության մասին: Բնականաբար, վարչապետ կնշանակի նրան, ով առաջ կմղի ռուսական ճանապարհը, օրինակ՝ Ծառուկյանը:
Սերժ եւ Տիգրան Սարգսյանն այս հարցում մեկ դաշնակից ունեն՝ հրապարակայնությունը: Չհայտարարել, որ ամեն ինչ կարգին է, որ Ռուսաստանը ճնշում չի գործադրում, իրերը կոչել իրենց անուններով, մատնացույց անել նրանց, ովքեր փայտ են խրում անիվի մեջ, եւ դաշնակից ընտրել հանրությանը: Հանրությունը միշտ արդարության դաշնակիցն է, եւ այն ներկայում դեմ է վարչապետին եւ նրա քաղաքականությանը: 

Նաիրա Հայրումյան