Ըստ Lragir.am-ի ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համամիտ է վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարության հետ, որ հնարավոր չէ մսխել բյուջեի ծախսային մասի 70 տոկոսը: «Դա աբսուրդի ժանրից է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Աղվան Վարդանյանը:
«Վերահսկիչ պալատի նախագահը ԱԺ-ում, խոսելով գնումների և շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության և գնումների ոլորտը համարվում է ռիսկային, ինչն էլ ամենևին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում»,- նկատեց ՀՅԴ պատգամավորը:
Աղվան Վարդանյանի խոսքով' ստեղծվեց իրավիճակ, երբ Վերահսիչ պալատն ու կառավարությունը ՎՊ 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հակադիր դիրքերում էին: «Իհարկե, փորձեցին քաղաքակիրթ ձևակերպումներով պահել հեռավորությունը, բայց ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ լարվածություն կա: Այդ լարվածությունն իրական է և ոչ թե բեմադրված, հակառակ դեպքում կառավարությունն այդքան ակտիվորեն չէր ներգրավվի այս գործընթացում, վարչապետն էլ հայտարարությունը չէր անի»,- ընդգծեց նա:
Մյուս կողմից, ըստ Աղվան Վարդանյանի, քաղաքական մեծամասնությունն սկսեց հայտարարել' ի՞նչ եք ուզում, մենք ենք մեր թերությունները բացահայտում, մեր սխալների մասին խոսում:
«Ակնհայտ է նաև, որ քաղաքական մեծամասնությունն էլ, կառավարությունն էլ վստահ չեն' լավ, արդյոք այս ամենը, որ ներկայացվում է, ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերբերյալ նախագահը, քաղաքական մեծամասնությունը վստահ չէ' ինչքա՞ն կարող է հակադարձել Վերահսկիչ պալատին: Բայց որ գործընթացները բացվում են, սա ակնհայտ է, պատահական չէ, որ իշխանության ներսում փոխադարձ ինֆորմացիաների արտահոսք է և փոխադարձ մեղադրանքներ»,- ընդգծեց նա: