Ինչպես արդեն տեղեկացրել էր ԳԱԼԱ-ն, ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում նաեւ բանակում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք պահանջում են, որպեսզի բացահայտվեն իրենց որդիների մահվան իրական շարժառիթները: Զոհված զինծառայողների հարազատներին, սակայն, գործադիրի շենք մտնող նախարարներից եւ ոչ մեկը չի մոտեցել: Երբ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մյուսների նման փորձում էր աննկատ ներս մտնել, զոհված զինծառայողներից մեկի ծնողը գոռացել է.«Պարո´ն նախարար, մի պահ կանգնեք»: Հրայր Թովմասյանը կանգնել է, եւ ծնողները մոտեցել են նրան: Վերջիններս հայտնել են, որ այս երկրում արդարադատություն չկա, քանի որ իրենց որդիները իրականում ինքասպան չեն եղել, ինչպես պաշտոնական վարկածն է ներկայացնում: «Եթե իմ որդու մահվան իրական մեղավորներին չգտնեն, ապա ես խոստանում եմ իմ որդու դիակը հանել գերեզմանից եւ տանել մի դեսպանատան դիմաց դնել, որ տեսնեն, թե ինչ է կատարվում իրականում երկրում»,- ասել է զոհված զինծառայողներից մեկի մայրը: Ի պատասխան Հրայր Թովմասյանը հայտնել է, որ նման բան անել պետք չէ, եւ որ իրական մեղավորները կստանան արժանի պատիժ: Նախարարի այս խոսքը ծնողները արժանահավատ չեն համարել' նշելով, որ տարիներ շարունակ նույն խոստումն են լսել:

Զոհված զինծառայողների հարազատները հիշեցրել են տարիներ առաջ Սերժ Սարգսյանի խոստումը, որը նա տվեց ճաղերի ետեւից' հայտնելով որ բոլոր գործերը իր ուշադրության կենտրոնում են: Իսկ մինչ ծնողները իրենց դժգոհությունն էին հայտնում, Հրայր Թովմասյանը ամեն կերպ փորձում էր ներս մտնել: Շուտով Կառավարության շենքը շրջափակվեց ոստիկանների կողմից: Հրայր Թովմասյանը ներս մտավ, իսկ ծնողները դեռ շարունակում են իրենց բողոքի ակցիան ՀՀ կառավարության շենքի դիմաց:

Փայլակ Ֆահրադյան