Այսօր' հուլիսի 4-ին, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչը այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որից հետո Պաշտպանի գրասենյակում երկու գործընկերները հանդիպեցին լրագրողների հետ: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի միջանկյալ զեկույցը խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի այլ դրսևորումների կանխարգելման վերաբերյալ:

Կարեն Անդրեասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ինքը Կառավարությունից 11 մլն դրամ էր խնդրում, որպեսզի կարողանա լիարժեք ուսումնասիրության ենթարկել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը, բայց մերժում ստացավ, այդ խնդրանքին արձագանքել է Միացյալ թագավորության դեսպանատունը և աջակցել են օմբուդսմենին:

«Ամենամեծ պրոբլեմը, որ կա, գերբնակեցման խնդիրն է։ Այսօր մի տեղ էինք, որտեղ մարդիկ ժպտում էին դեսպանին, բայց քնում էին հերթով: Կային մարդիկ, ովքեր չկարողացան խոսել մեզ հետ, քանի որ վերջապես քնելու հերթն իրենց էր հասել: 25 քառ. մետրում ապրում է 14 մարդ, կիրակի օրերին արգելվում է գոնե 1 ժամ զբոսանքը»,-իր խոսքում ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Դեսպանը, կիսվելով իր տպավորությունների մասին, մասնավորապես առանձնացրեց Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները, քանի որ այն խորհրդային ժամանակներից մնացած շենք է: «Մյուս խնդիրը, որ կառանձնացնեմ, դատապարտպման միջոցներն են: Հանցանքից կախված՝ միգուցե չարժե մարդկանց բանտ ուղարկել, մեր նախարարներից մեկը շատ ճիշտ նշել էր, որ բանտը շատ թանկ միջոց է վատ մարդուն դարձնել լավը: Կարծում եմ՝ այլընտրանքային պատժատեսակները շատ լավ տեսակ են: Բայց, ցավոք սրտի, օրվա մեծ մասն անցկացնում են մի փոքրիկ սենյակում և անգամ սովորելու առանձին տեղ չունեն»,- այցելության ընթացքում նկատել է դեսպանը:

Կարեն Անդրեասյանի խոսքով' ինքնախեղումների հիմնական պատճառը վատ դատարաններն են: Ըստ պաշտպանի՝ համապատասխան մարմինը լիարժեք չի լուծել նախորդ զեկույցներում բարձրացված խնդիրները և պահանջում է պատկան մարմիններից հստակ պատասխանել՝ ինչու խնդիրները դեռ չեն լուծվել:

Ցմահ դատապարտյալներից Ստեփանը Անդրեասյանի և դեսպանի հետ հասարակությանը մի մեսիջ է փոխանցել. «Եթե այսպես շարունակվի, կպայթի»: ՄԻՊ-ի խոսքով' դատարապրտյալները թունելի վերջում լույս չեն տեսնում:

«Մենք հույս ունենք ենք, որ մեր քաղաքական գործիչները իրենք էլ կհետաքրքրվեն այս հարցով, օրենքն իրենց սեղանին է, կարող են ընդունել։ 18-21 տարեկանում հանցագործություն կատարած մարդուն ցմահ դատապարտելն ավելի մեծ հանցագործություն է»,- նկատում է Անդրեասյանը: