Lragir.am. Սերժ Սարգսյանը Եվրոպայի առաջ երկու պայման է դրել, որոնցից մեկը կատարվել է, իսկ մյուսն ի սկզբանե անիրականանալի է:
Երեւանում ԵՄ ընդլայնման ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը հայտարարել են, որ եթե փող չլինի, բարեփոխումներ, հետեւաբար նաեւ Ասոցիացիա չի լինի: Նրանց հետ հանդիպումից հետո Ֆյուլեն ասել է, որ փողը կլինի, սակայն Ասոցիացիայի համաձայնագրի ստորագրումից հետո: Այդուհանդերձ, ակնհայտ է դարձել, որ Եվրոպան պատրաստ է վճարել Հայաստանին Ասոցիացիայի համար:
Երկրորդ պայմանը, որը Սերժ Սարգսյանն առաջ է քաշել նախ Վարշավայում, իսկ երեկ էլ Քիշնեւում, Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Եթե Թուրքիայի հետ սահմանը չբացվի, մեր մասնակցությունը ԵՄ Մաքսային միությանն անիմաստ կդառնա, - ուղիղ տեքստով ասել է Սերժ Սարգսյանը: Նա Եվրոպային կոչ է արել մտածել այդ մասին:
Եվրոպացի պաշտոնյաներն արդեն բազմիցս ակնարկել են, որ չեն կարող ստիպել Թուրքիային առանց նախապայմանների բացել Հայաստանի հետ սահմանը: Ղարաբաղյան շրջանների զիջման տեսքով նախապայմաններին էլ համաձայն չեն Սերժ Սարգսյանն ու Արեւմուտքը: Իսկ դա նշանակում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը Սերժ Սարգսյանի կողմից ի սկզբանե անիրականանալի պայման է:
Քիշնեւում ԵԺԿ Արեւելյան գործընկերության վեհաժողովին եւ մինչ այդ էլ Երեւանում հայ բարձրաստիճան պաշտոնյաները բառ անգամ չեն ասել, որ նոյեմբերին կստորագրեն Ասոցիացիայի համաձայնագիրը: Հավաստիացման բացակայությունը հնչել է որպես այն թեզի հաստատում, որ նոյեմբերին ըստ երեւույթին Հայաստանը չի ստորագրի, հնարավոր է նաեւ հրաժարվի այդ մտքից:
Շտեֆան Ֆյուլեն, խոսելով ֆինանսական աջակցության մասին, ասել է, որ Հայաստանը դեռ չի կատարել բոլոր պայմանները: Եվրոպայի պայմանն ըստ երեւույթին մեկն է՝ Հայաստանը պետք է կատարի խոստումը եւ նախաստորագրի Ասոցիացիայի համաձայանգիրը: Այլ պայմաններ այժմ չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ այժմ պայմաններ է սկսել դնել Հայաստանը:
Խոսելով Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշումից՝ Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ եթե նման ճնշում էլ գոյություն ունի, ապա այն ուժեղացնում է Հայաստանի տարածաշրջանային դիրքերը: Այսինքն, նա ցանկացել է ասել, որ եթե Հայաստանն այդքան անհրաժեշտ է Ռուսաստանին, Երեւանը կարող է պայմաններ առաջադրել Ռուսաստանին: Սակայն Սերժ Սարգսյանը լրիվ հակառակն է արել: Եվրոպան հասկացնել է տվել, որ շահագրգռված է Հայաստանի Ասոցիացիայով, իսկ Սարգսյանը պայմաններ է դնում Եվրոպայի առաջ:
Մեծ աշխարհքաղաքական տրանսֆորմացիաներում, որոնք սկսվել են մեր տարածաշրջանում, Հայաստանը չի կարողանում բարձրանալ աշխարհաքաղաքական որոշումների մակարդակ՝ մնալով ծանծաղ ջրերում եւ նախկինի պես տարածաշրջանում հայտնվող հսկաներին նայելով վախով, այլ ոչ թե որպես հավասարի:  

Նաիրա Հայրումյան