Ստորև ձեզ ենք ներկայացնում Աշոտ Պատմագրյանի «Փարիզի հայկական ճաշարանները» հուշը:

Վերոյիշեալ մտաւորականներին եւ արուեստագէտներին ճաշի ժամանակ կարելի էր հանդիպել Կարթիէ Լաթէնի հայկական երեք ճաշարաններից մէկնումէկում- «Կովկաս», «Եողուրդ Արամ» եւ «Ֆլորիա»: Առաջինը պատկանում էր թիֆլիզեցի Միշա Ազնաւուրեանին, Շարլ Ազնաւուրի հայրը, երկրորդը' առաջին պատերազմից առաջ Փարիզ հաստատուած եւ առաջին անգամ մածունը ֆրանսիացիներին ծանօթացնող Արամ անունով մի հայի, որ դժբախտաբար անունը թուրքերէն էր տուել - եողուրդ -, որով ամբողջ Եւրոպան այսօր այդ անունով է ճանաչում մեր մածունը:

«Ֆլորիա» ճաշարանը օժտուած էր վերնայարկում ընդարձակ սրահով, որ տարիներ շարունակ ծառայեց հայկական գրեթէ բոլոր հաւաքոյթների կենտրոն.- ժողով, թէյասեղան, դասախօսութիւն, եւ այլն, այնտեղ էին տեղի ունենում:

Փարիզում կային երկու ուրիշ ճաշարաններ եւս, բայց աւելի բարձր մակարդակի. մէկը Հաճեան անունով, Օպերայի թաղում, իսկ միւսը' Սիմոնեան անունով' Պլաս Ալմա Մարսօ հրապարակի մօտ: Սրա տէրը թիֆլիզեցի հայ էր եւ Սայաթ-Նովայի թոռնորդին, որի համար ունէր փաստաթղթեր եւ հաճոյքով ցոյց էր տալիս իր հայ եւ կովկասցի ուրիշ ազգերի յաճախորդներին: Իր ճաշացուցակը կազմուած էր մեծ մասամբ կովկասեան եւ ռուսական կերակուրներից եւ աղանդերներից: Յաճախորդները ռուս եւ հայ բարձր դասից էին, զինուորականներ եւ նախկին հարուստներ:

Հայ բարձր մտաւորականները ճաշում էին Արամի մօտ. ամէն կէսօր անխափան այնտեղ կարելի էր հանդիպել Շիրվանզադէին, Չօպանեանին, Թէքէեանին, Զապէլ Եսայեանին, որ դեռ շարունակում էր իր նոր կորցրած ամուսնու սուգը պահելՙ ըստ ֆրանսիական սովորութեան' գլխարկի վրայ կրելով սեւ մեծ շղարշ, որ նրան տալիս էր աւելի պատկառազդու տեսք:

Շիրվանզադէն, նոյնիսկ, խոհարարին սովորեցրել էր Շամախու մի կերակուր - մսէ գնդիկով բրինձէ սուպ - եւ ճաշացուցակի վրայ ֆրանսերէն գրւում էր «Սուպ ալա Շիրվան»: Այս կերակուրը շատ յաջողութիւն գտաւ, եւ այն օրը, որ ճաշացուցակում առկայ էր, ամէն ոք աշխատում էր իր բաժինը նախօրօք ապահովել:

Ճաշը տեւում էր մէկ կամ մէկուկէս ժամ, որի ընթացքում իրար հաղորդում էին ազգային կեանքից նորութիւններ, Հայաստանից լուրեր, եւ յաճախ տեղի էին ունենում սուր վիճաբանութիւններ' դրանց շուրջը:

Բոլոր այս մտաւորականները ճաշից յետոյ ցրւում էին Կարթիէ Լաթէնի սրճարանները, ըստ ֆրանսիական սովորութեանՙ սուրճ առնելու եւ մի փարթի նարտ խաղալու: Մոլի խաղացողներ էին մանաւանդ Չօպանեանն ու Թէքէեանը:

Մտաւորականների եւ արուեստագէտների այս հոծ բազմութիւնը փարիզահայ կեանքում ստեղծել էր անսահման խանդավառութիւն եւ մշակութային շարժում: Ամէն շաբաթ, առանց բացառութեան, անպայման որեւէ հայկական ձեռնարկ կար,- դասախօսութիւն, յուշերեկոյ, համերգ, ներկայացում, ուր ժողովուրդը խուժում էր ինքնաբերաբար:

Այդ խանդավառութեան հետեւանքով է, որ Դպրոցասէր տիկնանց միութիւնը որոշում կայացրեց, որ իր դպրոցը Մարսելից Փարիզ փոխադրի, ինչ որ շուտով իրականացաւ: Այնտեղ էր նաեւ Մխիթարեանների Մուրատ Ռափայէլեան վարժարանը, ինչպէս նաեւ Հ.Բ.Ը. Միութեան կենտրոնըՙ նախագահութեամբ Պօղոս Նուպարի, որ հակառակ իր առաջացած տարիքին, շարունակում էր մշտարթուն կերպով հետեւել իր սիրած միութեան աշխատանքներին եւ հայ կեանքին:

Աղբյուրը' «Ազգ» օրաթերթ

Նյութը պատրաստեց' Ք. Ա-ն