Երբ տարիներ շարունակ, ժողովրդական
լեզվով ասած, «ստայանշչիկները» «մուրացկանների»
նման ձեռքը պարզած 100-200 դրամ էին մուրում
մեքենաների վարորդներից, բոլորս բողոքում էինք եւ
անգամ հրաժարվում վճարել: Մտածում էինք՝ ինչի՞
համար, ո՞ր ծառայության, մանավանդ' մեկ ժամ
կանգնեիր, թե 10 րոպե, նույն գումարն էին ուզում:
Բայց, ինչպես ասում են, մինչեւ չգա հետինը, չի հիշվի
նախկինը: Այդ խեղճ ու կրակ «ստայանշչիկների»
հացին մեր պետությունը «վայիս եղավ»՝ որոշեց ինքը
հավաքել այդ կոպեկները:
Պետություն ասեմ՝ դուք ինչ-որ մութ անձինք հասկացեք, տզրուկներ, որոնք փողի հոտը կիլոմետրից են
զգում եւ պղտոր ջրում ձուկ որսալու մեծ վարպետներ են: Սրանք որոշեցին, որ ոչ մի դրամ այս երկրում
անվերահսկելի չպետք է լինի, եւ ոչ ոք, բացի իշխանության հովանավորությունը վայելողներից, փող
չպետք է աշխատի: Որոշեցին մի քիչ կարմիր ներկ ծախսել՝ գծեր քաշել ու փող աշխատել: Եվ ոչ ոք չի
ասում, թե այդ ո՞ր ծառայության դիմաց եք ուզում փող հավաքել:
Կարմիր ներկի՞, թե՞ ձեր շպիոնական տեսախցիկների, որոնց տեղադրումից մենք՝ ՀՀ քաղաքացիներս,
հարկատուներս ոչինչ չենք շահելու: Ամառ-ձմեռ փողոցում կանգնող «ստայանշչիկները» գոնե ընտանիք
էին պահում՝ մի քանի հարյուր մարդ օրական մի քանի հազար դրամ էր տուն տանում, ինչո՞ւ զրկեցիք
ապրուստի միջոցից: Գոնե մեքենաների վարորդներին օգնում էին կայանելիս ու կայանած տեղից դուրս
գալիս, այսինքն՝ ինչ-որ ծառայություն էին մատուցում:
Դո՞ւք ինչ եք անելու: Թախտին պառկած՝ փողը հոսելու է, ու անաշխատ եկամո՞ւտ եք ունենալու: Ո՞վ է
ձեզ իրավունք տվել հանրային տարածքը գծանշել ու սոսկ կանգնելու համար փող հավաքել: Այս
քաղաքը ձերը չի, բոլորինս է, եւ մենք պարտավոր չենք բազում հարկերից բացի նաեւ կայանելու հարկ
վճարել:
Մանրամասները' «Հրապարակ»-ի այսօրվա համարում