Ազատ ոճի ըմբշամարտից օլիմպիական խաղերի կրկնակի մրցանակակիր Սուշիլ Կումարը հայտարարել է, որ 2010 թվականին Մոսկվայում տեղի ունեցած աշխարհի առաջնության եզրափակիչ գոտեմարտից առաջ ռուսական կողմը կլոր գումար է առաջարկել իրեն պարտվելու համար:

Այդ պատմությունը հնդիկ մարզիկը ներկայացրել է The Times of India թերթին: Մինչև 66 կգ քաշային կարգի վճռական գոտեմարտում Կումարը 2:1, 1:0 հաշվով հաղթեց ռուսաստանցի Ալան Գոգաևին: «Հանդիպման նախօրեին ինձ մի քանի հարյուր հազար դոլար առաջարկեցին, որպեսզի պարտվեմ եզրափակիչում: Ազատ ոճի ըմբիշի համար դա իրոք լավ գումար է: Առաջարկն արվել էր իմ արտասահմանցի մարզիչներից մեկին: Առաջնությունն ընթանում էր Ռուսաստանում, մրցակիցս էլ այդ երկրից էր: Նրանք ցանկանում էին, որ «տանը» հաղթի իրենց մարզիկը»,- նշել է Կումարը:

Մարզիկը հայտնել է, որ առանց մտածելու հրաժարվել է կաշառքից. «Դա շատ տարօրինակ էր: Ինձ մեկ քայլ էր բաժանում չեմպիոնի տիտղոսից, և ինձ առաջարկում էին չկատարել այդ քայլը»: