Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանում, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ Դավիթ Մուրադյանի գործով այսօր հարցաքննվեց դատակոչված 3 վկա: Դատարանը կես կատակ կես լուրջ նկատեց, որ վկաներին ինչ-որ մեկը «սովորեցրել» է, որ հարցաքննության սկզբում պնդեն իրենց նախաքննական մարմնին տված ցուցմունքը, խնդրեն հրապարակել այն, քանի որ դեպքից երկար ժամանակ է անցել և իրենք մանրամասները չեն հիշում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ, վկա Գարիկ Տիգրանյանը նախ պարզաբանեց դատապարտյալների տեսակցության կարգը (առանձնապես ծանր հանցանք կատարած դատապարտյալին երկարատև տեսակցությունը թույլատրվում է տարին մեկ անգամ, իսկ ոչ ծանր հանցանք կատարած դատապարտյալներին 2 ամիսը մեկ անգամ): Սակայն վկան Դավիթ Մուրադյանի կարգադրությամբ Արտակ Հակոբյանին թույլատրել է երկարատև տեսակցություն 3 օրով՝ 2 անգամ, այն էլ սահմանված կարգը խախտելով, այսինքն՝ Մուրադյանը վկային խնդրել է երկարատև տեսակցություն թույլատրել, այն դեպքում երբ 2 ամիսը դեռ լրացած չի եղել, իսկ Արտակ Հակոբյանը ակտիվ դատապարտյալ է: Դատապարտյալ Արտակ Հակոբյանին լրացուցիչ տեսակցություններ տրամադրելը՝ Մուրադյանը պատճառաբանել է, օպերատիվ նկատառումներից ելնելով: Իսկ դատարանի հարցադրմանը, թե արդյոք առանց օրենքի խախտման հնարավոր չէ գործել օպերատիվ նկատառումներից ելնելով՝ պաշտպանական կողմից ու դահլիճից լսվեց՝ «ոչ հնարավոր չէ»: Հաջորդը հարցաքննվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Ազատյանը: Այս վկան ևս իր հարցաքննության ժամանակ պարզաբանեց ՔԿՀ-ում գործող որոշ կանոններ՝ նշելով, որ երբ դատապարտյալը ցանկանում է իր խուցը վերանորոգել դիմում է գրում պետին և եթե թույլտվություն է ստանում, ապա կարող է վերանորոգել այն: Պարզվեց, որ տվյալ դեպքում Արտակ Հակոբյանի կողմից դիմում չի եղել, սակայն ամբաստանյալ Մուրադյանը վկային ասել է շինանյութը ընդունի եւ ինքն էլ ընդունել է: Իսկ թե դեպքը, երբ է տեղի ունեցել, ո՛չ օրը, ո՛չ ամիսը, ո՛չ էլ տարին վկան չհիշեց: Մեղադրող դատախազը վկայի ցուցմունքներում էական հակասություններ տեսնելով ընթերցեց վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ վկան նշում էր, որ դեպքը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբեր ամսին: Վկա Վահան Ներսիսյանն էլ նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ը էր բերվել շինանյութը, ապա պահարանը, ինքը զանգահարել է և տեղյակ է պահել տնտեսական մասին, իսկ թե դատապարտյալներից ով էր դիմել և թե, որ խուց պետք է տարվեր այդ շինանյութը, ապա ինքը չի իմացել: Էական հակասություններ տեսնելով վկայի դատաքննության ընթացքում և նախաքննության մարմնին տված ցուցմունքներում՝ մեղադրող դատախազը այս անգամ էլ միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որտեղ վկան նշել է, որ երբ ՔԿՀ են բերել պահարանը ամբաստանյալ Դավիթ Մուրադյանը իրեն կարգադրել է թույլ տալ ներս բերել այն: Պարզվեց նաև, որ շինանյութը ՔԿՀ էր բերվել տաքսիով՝ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կնոջ կողմից: Հաջորդ՝ օգոստոսի 27-ին կայանալիք նիստում, կշարունակվի վկաների հարցաքննությունը:  

ՀՀ ոստիկանություն