Ադրբեջանի զինված ուժերում ոչ պատերազմական պայմաններում զոհվել է ևս մեկ ժամկետային զինծառայող: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Հաքքին.ազ» կայքը, ադրբեջանական բանակի 19-ամյա Տուրալ Զամանովը մահացել է «երկարատև հիվանդության պատճառով»: Դեպքը տեղի է ունեցել երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկում:

Ինչպես ընդգծում է գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է զինվորի մահվան փաստը: ՊՆ-ում ընդգծել են, որ զինծառայողը տառապել է սուր լեյկոզով:

Հիշեցնենք, որ վերջին 6 օրերի ընթացքում ադրբեջանական ուժայինները ընդունել են 4 զինվորականների մահը: Այսպես, օգոստոսի 26-ին «դժբախտ պատահարի արդյունքում» մահացել է նորակոչիկ Տուրալ Գազիևը (1993թ.), որը ծառայել է Ադրբեջանի ԶՈՒ-ում 4 ամիս: Նույն օրը Ադրբեջանի ՊՆ ճանաչել է նաև ադրբեջանական բանակի ևս մեկ զինվորականի մահը' Մուսաև Իլհամ Ռամիզօղլուի: Հաղորդվում է, որ նա վթարի հետևանքով «մեկ ամիս եղել է կոմայում» և մահացել է կենտրոնական հոսպիտալում: Իսկ արդեն օգոստոսի 29-ին երկրի պետական սահմանապահ զորքերում հայտնաբերվել է կախված զինծառայող Մամեդով Նոֆելօղլուի դին: