Դատական դեպարտամենտի որևէ պաշտոնյայի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, ոստիկանությունում քննվող գործի շրջանակում որպես մեղադրյալ ներգրավված անձինք Դատական կարգադրիչների ծառայությունից են: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը՝ հստակեցնելով այն թյուրըմբռնումը, թե դատական կարգադրիչների ծառայությունը գործում է Դատական դեպարտամենտի ենթակայությամբ:

Հիշեցնենք՝ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում. քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները:

«Դատական դեպարտամենտի ղեկավարը իրականացնում է Դատական կարգադրիչների ծառայության ընդհանուր համակարգում, իսկ Դատական կարգադրիչների ծառայության պետն ամբողջությամբ իրականացնում է Դատական կարգադրիչների ծառայության ղեկավարումը: Երկու մարմիններն էլ որևէ կապ չունեն արդարադատություն իրականացնելու բուն գործառույթի հետ, երկու մարմիններն էլ դատարաններին սպասարկող մարմիններ են, վարչական սպասարկում են իրականացնում: Նախ պատկերացնենք դատական կարգադրիչների ծառայությունը, դրա կապը դատական դեպարտամենտի հետ, հատկապես, որ մամուլում վերջին շրջանում անընդհատ խոսվում է Դատական դեպարտամենտի մասին: Ասեմ, որ Դատական դեպարտամենտի որևէ պաշտոնյայի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել, մամուլում առկա տեղեկությունները վերաբերվում են դատական կարգադրիչների ծառայությանը, ուստի ճիշտ կլինի այդ երկու մարմինները տարբերել ու սահմանազատել իրարից: Դրանք իրականում տարբեր ծառայություններ են», -բացատրեց Արսեն Բաբայանը:

Վկայակոչելով օրենսդրությունը, Դեպարտամենտի պաշտոնյան, ասաց, որ դատական կարգադրիչների ծառայության գործունեությունը կարգավորվում է Դատական օրենսգրքի առանձին՝ 25-րդ գլխով: Դատական կարգադրիչները դատական ծառայողներ չեն, և թեպետ Դատական կարգադրիչների ծառայությունը կազմավորվում է նույն կերպ, ինչպես Դատական ծառայությունն է ձևավորվում, բայց տարբեր են պաշտոնների նշանակողները: «Օրինակ, Դատական դեպարտամենտի ավագ մասնագետին պաշտոնի նշանակում է Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Դատական կարգադրիչների ծառայության ավագ մասնագետին՝ Դատական կարգադրիչների ծառայության պետը: Դատական օրենսգրքի համաձայն, և՛ Դատական դեպարտամենտի կառուցվածքը, և՛ առանձին, Դատական կարգադրիչների ծառայության կառուցվածքը հաստատվում է Դատարանների նախագահների խորհրդի կողմից, այսինքն՝ երկուսն էլ իրավական ակտով կազմավորվում են որպես առանձին ու հավասարազոր կառույցներ», -հավելեց Արսեն Բաբայանը՝ ընդգծելով, որ և Դատական դեպարտամենտը, և Դատական կարգադրիչների ծառայությունը որևէ կապ չունեն արդարադատություն իրականացնելու բուն գործառույթի հետ:

Շարունակությունն` այստեղ: