www.yerevannews.am «Ինձ համար նախագահի որոշումը շոկ չէր. Ես հասկանում եմ այդ հայտարարությունը, քանի որ ազգային շահերը ինձ համնար առաջնահերթ են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը:

 

«Ես առաջին հերթին առաջնորդվում եմ ազգային անվտանգությամբ ՝ դրա տակ հասկանալով նաև ԼՂՀ-ի բնակչության խնդիրը, որը տարածաշրջանի չլուծված խնդիրներից է: Միայն դրանից հետո կարող են գալ տնտեսական շահերը, որոնք պետք է ստորադասել ազգային անվտանգությանը», - ասաց Վարդան Բոստանջյանը: Նա բնական և հասկանալի համարեց մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունը, քանի որ Հայաստանը մտնում է ՀԱՊԿ անդամ պետուքյուն է և տվել է համաձայնություն, որ 49 տարի ռուսական զինված ուժերի հանգրվանը Հայաստանը լինի:

 

«Մենք պետք է հասկանանք, որ կան ամբողջ մոլորակի շարժը որոշող գերուժեր: Հայաստանը չունի մեծ ռեսուրսներ և անորոշ կեցվածք ընդունելը հղի կլինի վտանգներով Հայաստանի համար: Մենք գիտենք, որ մեկը ուզում է, որ Հայաստանը իր կողմը գնա, իսկ մյուս ուժը՝ իր: Սա հակասություն է և´ մեզ, և´ նրանց համար:

 

Մեր արտաքին քաղաքական վեկտորը պետք է այնպես լինի, որ ոչ մեկին չնեղացնենք, որ եթե պարտք ու պահանջ ունենան ՝ իրարից ունենան և ոչ թե մեզնից», - նշեց Վարդան Բոստանջյանը՝ հավելելով՝ «Հնարավոր է, որ եվրոպական երկրները նեղանան, բայց դա ուղղված է լինելու ոչ թե մեզ, այլ Ռուսաստանին:

 

Հասկանալի է, որ մենք տասնյակ տարիներ Ռուսաստանի ազդեցության տակ ենք եղել: Նրանք տեսնում են, որ մեր երկիրը պատրաստ է գնալ եվրաինտեգրացիայի ճանապարհով»: