www.lurer.com Այսօր տեղի ունեցավ Կառավարության հերթական նիստը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ համաշխարհային մրցունակության վերաբերյալ երեկ հրապարակված զեկույցին, որը ներկայացնում էր աշխարհի տարբեր երկրների մրցունակության ցուցանիշները:

 

Հայաստանն իր դիրքը բարելավել է 3 կետով:

 

«Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ թվարկել Հայաստանի Հանրապետության հինգ ուշագրավ առավելությունները և հինգ ուշագրավ թերությունները: Առաջին մեր առավելությունը, որը համահունչ է Doing Business-ի մեր բարձր վարկանիշին, նոր բզինես սկսելու համար անհրաժեշտ գործընթացների քանակն է: Այս ցուցանիշով մենք աշխարհում զբաղեցնում ենք 10-րդ տեղը: Աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու գործելակերպով՝ 12-րդ տեղը, պետական քաղաքականության մշակման գործընթացի թափանցիկությամբ' 24-րդ տեղը, ներդրողների պաշտպանության ուժգնությամբ՝ 25-րդ տեղը և պետական կառավարման բեռի ուղղությամբ՝ 34-րդ տեղը: Սրանք մեր հարաբերական առավելություններն են:

 

Ուշագրավ թերություններից առաջինը կառավարման դպրոցների որակն է՝ 120-րդ տեղը, երկրում տաղանդների պահպանման ունակությունը՝ 121-րդ տեղը, մաքսային գործընթացների բեռը՝ 123-րդ տեղը, արտաքին շուկայի չափի համաթիվը՝ 127-րդ տեղը և համախառն ներքին արդյունքի մեջ արտահանման մասնաբաժինը՝ 139-րդ տեղը: Այս հարաբերական ուժեղ և թույլ կողմերը մեզ հուշում են, թե մենք ինչ անելիքներ ունենք: Այս հաշվետվության մեջ մանրակրկիտ ներկայացված են նաև այլ գերատեսչություններին վերաբերող խնդիրները' կրթական, առողջապահական համակարգ, որտեղ մեր դիրքերը վատացրել ենք:

 

Պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այստեղ կարողանանք վերականգնել մեր դիրքերը: Հանձնարարություն է տրվում բոլոր նախարարություններին, որպեսզի այս հաշվետվությունն ուսումնասիրեն և իրենց որորտների վերաբերյալ վարչապետին մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնեն առաջարկություններ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի բարելավենք միջավայրը», - ասաց Տիգրան Սարգսյանը: