MediaMall.am-ը տեղեկատվություն է ստանցել այն մասին, որ գրողների տարբեր խմբեր սկսել են պայքարը՝ Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնին այս կամ այն անձի ընտրությունն ապահովելու համար: Չնայած Լևոն Անանյանի մահվան յոթերորդ օրը այսօր է լրացել՝ արդեն շրջանառվում են միության նախագահի անուններ: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ՀԳՄ Տավուշի մարզային բաժանմունքի նախագահ Սամվել Բեգլարյանին, որը նաև Լևոն Անանյանի սանիկն է:


Ակտիվորեն շրջանառության մեջ են դնում ՀԳՄ նախագահի թեկնածուների անուններ, այդ թվում՝ Հրաչյա Սարուխանի անունը: Դուք, որպես ՀԳՄ Տավուշի բաժանմունքի նախագահ, դաշտում որևէ տեսանելի թեկնածու տեսնու՞ մ եք:


Ես գրողների գրեթե ամբողջ բանակին, որ գործում է Հայաստանում, անձնապես ճանաչում եմ, բայց նախապես ասեմ, ոչ թե ելնելով այն սկզբմունքից, որ գնացողի մասին կամ լավ, կամ ոչինչ, այլ ով էլ որ լինի՝ սկսած Սամվել Բեգլարյանից վերջացրած Հրաչյա Սարուխանով, Լևոն Անանյանի՝ տեղը որպես ՀԳՄ նախագահի, իսկապես թափուր է մնալու: Ես չգիտեմ՝ ով պետք է գտնվի, որ կարողանա նրա արածը անել: Ես չգիտեմ՝ Լևոնից հետո ինչպիսի մարդ պետք է լինի, որ թույլ չտա ՀԳՄ տարանջանտումը: Հրաչյա Սարուխանը շատ լավ բանաստեղծ է, շատ լավ մարդ, շատ լավ ընկեր, բայց զուգահեռաբար ինքը շատ մեղմ ու հանգիստ մարդ է, պետք է անպայմանորեն հաշվի առնել անձնական պահվածքը, կեցվածքը: Տաղանդավոր մարդ լինելը, գրող լինելը դեռևս չի նշանակում, որ կարող է Գրողների միություն ղեկավարել: Հիշում եք՝ անընդհատ շահարկում էին, որ Լևոն Անանյանը գրող չէ, չնայած նա հրաշալի ստեղծագործությունների հեղինակ է, սակայն որն է կարևոր՝ լինել շատ լավ գրող և չկարողանալ ղեկավարել կառույցը, թե լինել մի քիչ ավելի համեստ հնարավորությունների տեր ստեղծագործող, բայց ունենալ ղեկավարի, կազմակերպիչի ջիղ: Մենք տեսանք, որ Հրանտ Մաթևոսյանը տաղանդավոր գրող էր, մեծ գրող էր, բայց այդպես էլ չէր կարողանում կայացնել գրողների տունը:

 

Իսկ ինքներդ որպես Տավուշի գրական ընտանիքի ղեկավար և ճանաչված գրող՝ դաշտում որևէ տեսանելի թեկնածու Լևոն Անանյանից հետո տեսնու՞մ եք:


Գիտեք, Լևոն Անանյանի թիմից (չնայած թիմ բառը ավելի շատ քաղաքական գործիչներն են օգտագործում) հրաշալի, կայացած մարդիկ կան՝ Էդուարդ Միլիտոնյանը, Դավիթ Մուրադյանը, որոնք կայացած տաղանդավոր տղաներ են, և ոչ միայն նրանք: Թեկուզ հենց Ռազմիկ Դավոյանը՝ չնայած իսկապես ապշած եմ ինձ համար իսկապես շատ հարգելի, տաղանդավոր բանաստեղծի՝ իր գործընկերոջ հոգեհանգստին կամ հուղարկավորությանը ներկա չգտնվելու փաստով: Կան բազմաթիվ մարդիկ, որոնց կարողությունները մենք դեռ չգիտենք, Լևոնը եթե չդառնար ՀԳՄ նախագահ՝ ո՞վ պետք է տեսներ նրա կարողությունները, ո՞վ պետք է տեսներ նրա փայլատակումը: Ես նախ պետք է տեսնեմ ծրագրերը՝ մարդն ինչ պետք է անի: Օրինակ՝ Լևոն Անանյանը խոստացավ միավորել սփյուռքի գրողներին ու կապել հայրենիքի հետ, և արեց: Հիմա տեսնենք, թե նոր թեկնածուները ինչ ծրագրերով հանդես կգան: Ով կհամոզի, որ Գրողների միությունը կկարողանա պահել իր բարձրության վրա՝ ես իմ ձայնը նրան կտամ՝ անկախ իմ անձնական հարաբերություններից:

 

Խոսակցություններ կան, որ իշխանությունները որոնում են իրավական հիմնավորումներ՝ Հայաստանից հեռացած ՆԳ նախկին նախարար, գրող Վանո Սիրադեղյանի հետվերադարձը ապահովելու համար: Անգամ խոսվում է այն մասին, որ նա կարող է ղեկավարել Գրողների միությունը:


Վանո Սիրադեղյանին հետապնդելու հիմքերը վաղուց արդեն չկան, քանի որ սպանության համար հետապնդվող մարդը որոնվում է 15 տարի, այլ հանցատեսակների համար՝ 10 տարի, բայց նրան վերագրվող հանցագործության ժամկետից անցել է արդեն 19 տարի: Եթե նա էր իրական հանցագործը՝ բարի լինեիք գտնել և պատժել: Այսօր ժամանակն է, որ նա վերադառնա և ասի՝ ես մեղք չեմ գործել կամ եթե գործել եմ՝ տարիների ընթացքում մարել եմ այդ մեղքերը: Բայց կարծում եմ, որ Վանո Սիրադեղյանի նման անհատականության համար Գրողների միության նախագահի պաշտոնը շատ քիչ է:

 

Լևոն Անանյանի պաշտոնավարության շրջանում մարզերում բացվեցին տարածքային կառույցներ: Որքանով եք դուք ինքնուրույն ձեր գործունեության մեջ և արդյո՞ք տարածքային կառույցները իրենց վճռական խոսքը ունեն ՀԳՄ նախագահի ընտրության մեջ: 


Լևոն Անանյանը շատ կարևոր սկզբմունք ուներ՝ մինչև տարածքային կառույցները իրենց խոսքը չասեին՝ որևէ մեկը չէր կարող դառնալ Գրողների միության անդամ: Իհարկե, պարտադիր չէ, որ ՀԳՄ նախագահը մայրաքաղաքային լինի, և այս առումով տարածքային կառույցներն էլ կարող են իրենց վճռական խոսքն ասել: Մենք, հայկական ադաթով, կսպասենք, որ Անանյանի քառասունքը անցնի, այնուհետև մեր խոսքը, անշուշտ, կասենք: Եթե որոշ մարդիկ շտապում են՝ դա իրենց գործն է:

 

Վարուժան Բաբաջանյան