Aravot.am  Ռուսական գործարանը սկսել է «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը Ադրբեջանի պատվերով ու նախատեսված է, որ 18 միավոր պետք է ուղարկի Ադրբեջան: Այս լուրը շրջանառության մեջ են դրել ռուսական լրատվամիջոցները, նշելով, որ «Վենան» նախատեսված է հակառակորդի կենդանի ուժը, հրետանային եւ ականանետային մարտկոցները, հրթիռային սարքավորումները, զրահապատ թիրախները մինչեւ 13 կմ հեռավորությունից խոցելու համար, այն կարող է ինքնուրույն կառավարել կրակը, հետախուզել թիրախն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին, դիպուկ կրակել՝ առանց կրակային դիրքի նախապես պատրաստման։

 

Aravot.am- ի դիտարկմանը'սա «Սմերչի» վաճառքից հետո, կարծես թե, Ռուսաստանի կողմից երկրորդ հարվածն է, արդյոք սա նախազգուշացումն է այն բանի, որ Մաքսային միությունից չհրաժարվենք, քանի որ մեզ մոտ որոշ քաղաքական գործիչեր ասում են, որ դեռ ժամանակ ունենք հրաժարվելու նրանից, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Զենքի վաճառքը նրանք պատճառաբանում են նրանով, որ եթե մենք չվաճառենք դա չի նշանակում, որ Ադրբեջանը ուրիշներից զենք չի գնի:

 

Լավ կլինի նա գնի մեզանից, քանի որ այդ կերպ մենք նրա վրա ազդելու լծակ կունենանք: Եվ քանի որ որոշ զինատեսակներ ժամանակ առ ժամանակ հնանում են, պահեստամասեր են պահանջվում եւ այս առումով Ադրբեջանը կախված է լինում Ռուսաստանից ու Ռուսաստանը հնարավորություն է ունենում որոշ չափով վերահսկել, կամ' գոնե հնարավորություններ ունենալ Ադրբեջանի զինման գործընթացի վրա, հետեւաբար մենք պետք է այդքան ուշադրություն չդարձնենք այս հանգամանքի վրա: Ադրբեջանը զենք է գնում ոչ միայն Ռուսաստանից, այլեւ Թուրքիայից, Չինաստանից, Ուկրաինայից այն էլ մեծ քանակությամբ ու հետաքրքիր է, որ մենք ուկրաինացիներից չենք նեղանում, թեպետ նրանք միշտ խոսում են մեր դարավոր բարեկամության մասին, իսկ ռուսներից նեղանում ենք:

 

Մենք պետք է հանգիստ վերաբերվենք ու եթե պետք է' մենք էլ գնենք նույն զենքը, նույն չափով եւ Ռուսաստանը մեծ հաճույքով մեզ էլ կվաճառի: Այստեղ միայն մի բան կա տխրեցնող. մեծ կայսրությունների սկզբունքը հետեւյալն է' բաժանիր եւ իշխիր: Բաժանելով, զինելով մեզ եւ նրանց Ռուսաստանը փաստորեն իշխում է տարածաշրջանում: Հետեւաբար մենք պետք է մեր խաղը կառուցենք այս կանոնների համաձայն: Մեր ռազմավարական գործընկերը, որը Հայաստանում ունի ամենամեծ ռազմական բազաները, հենարանները, մենք էլ ունենք լծակներ նրա վրա ազդելու:

 

Եվ այստեղ Մաքսային միությունն ու ռազմաքաղաքական գործընթացներն իրարից մի քիչ հեռու են, որովհետեւ մենք արդեն ստորագրել ենք ռուսների հետ 40 տարվա հենարանների գոյությունը Հայաստանում եւ դրանից ավել ռազմական կախվածության մեջ չենք կարող լինել, դա բավականին մեծ կախվածություն է, իսկ ռուսն ասում է դու խելոք մնա, քո վրա հարձակվող չի լինի, մենք քեզ կպաշտպանենք, բայց դա չի վերաբերվում Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ ոտնձգություններին: Մենք պետք է կարողանանք այս հարցը մեր ուժերով լուծել ու այն կոչերը, որ անում են Օբաման եւ Պուտինը, որ հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով'դա դառնա իրականություն»:

 

Հեղինակ` Եվա ՀԱԿՈԲՅԱՆ