«Նախագահը պարտավոր չէ որեւէ երկիր այցելելիս անպայման գնա եւ բարեւ տա այդ երկրի նախագահին կամ քաղաքապետին: Նախագահը մեկնել էր այլ առաքելությամբ»,- այս մասին այսօր' ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը անգամ Մոսկվայի քաղաքապետը ներկա չէր, ում՝ քաղաքապետ նշանակվելու առիթով Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, պատշաճ չէ՞ր լինի, որ նախագահի մակարդակով դիմավորեին Սերժ Սարգսյանին, Հարությունյանն արձագանքեց. «Ոչ, որովհետեւ նախագահը կարող է մեկնել ցանկացած երկիր լայն խնդիրների շրջանակով եւ դա չնախատեսի հանդիպում տվյալ երկրի նախագահի կամ քաղաքապետի հետ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ առաքելությամբ ես դու մեկնել»: