lragir.am Գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանը, ում թեկնածությունը Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱԺ-ին եւ ով հանդիպել է խմբակցությունների հետ, լրագրողներին ասել է, որ ինքը չի պատրաստվում ոչ մի դուռ համբուրել: Աղվան Հովսեփյանին ուղղված ակնարկը նկատելի է: Գեւորգ Կոստանյանն ուզում է ցույց տալ, թե ինքն Աղվան Հովսեփյան չի լինելու: Օրինակ, խորհրդարանական ընդդիմություն հանդիսացող ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին Կոստանյանը համոզել է, որ ավելի լավն է, քան Աղվան Հովսեփյանը:
Բայց, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն էլ իր պաշտոնավարման ընթացքում որեւէ դուռ չի համբուրել: Նա դուռը համբուրել է պաշտոնավարման ավարտին, հրաժեշտից առաջ, որովհետեւ դրանից ավելի նշանակալից որեւէ բան հանրային կյանքում չէր թողել պաշտոնավարման ընթացքում: Օրինակ, եթե գլխավոր դատախազը կոռուպցիայի, կաշառակերության, հովանավորչության, նաեւ քաղաքացիների հանդեպ բռնության եւ պետական մակարդակով իրականացված մարտի 1-ի սպանությունների հետ կապված գործերի կապակցությամբ որեւէ արժեքավոր հետք թողներ, ապա հրաժեշտից առաջ դուռը համբուրելու կարիք չէր լինի՝ հասարակությունը կհամբուրեր Աղվան Հովսեփյանին, նրա ծառայության համար:
Այնպես որ, դուռը համբուրելն իրավիճակային որոշում է: Ոչ ոք վեց տարի առաջ չի որոշում, որ վեց տարի անց համբուրելու է դուռը: Վեց տարի անց իրավիճակն է կայացնում այդ որոշումը, որին մնում է միայն ենթարկվել: Այնպես որ, Գեւորգ Կոստանյանի համբույրները կախված կլինեն նրա աշխատանքի հանրային ՕԳԳ-ից:
Իսկ նրա աշխատանքի առումով ստեղծվում է բավական հետաքրքիր իրավիճակ, ընդ որում ամբողջ իշխանական համակարգի համար: ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը Ազատություն ռադիոկայանին ասել էր, որ ամենայն հավանականությամբ Աղվան Հովսեփյանն էլ կգլխավորի նոր ստեղծվելիք Միասնական քննչական կառույցը: Այն, ինչպես հայտնի է, լինելու է քննչական գերկառույց: Աղվան Հովսեփյանը ներկայում գլխավորում է դրա իրավական հիմքերը պատրաստող հանձնաժողովը:
Ինչպիսին է լինելու Գլխավոր դատախազության եւ Միասնական քննչական կառույցի հարաբերությունը: Անկասկած է, որ Աղվան Հովսեփյանն իր համակարգային ազդեցությամբ զգալիորեն, անհամեմատ առաջ է Գեւորգ Կոստանյանից: Փաստացի ստացվում է, որ խախտվում են պարամետրերը՝ Միասնական քննչական կառույցը գլխավորելու է ավելի հեղինակավոր անձ՝ համակարգային իմաստով, քան Գլխավոր դատախազությունը:
Այսինքն, խախտվելու է դե յուրե եւ դե ֆակտո հարաբերակցությունը: Հայաստանում իհարկե առաջին անգամ չէ, որ այդպիսի իրավիճակ է լինում: Օրինակ, պաշտպանության նախարարները կամ ներքին գործերի նախարարները Հայաստանում հաճախ ավելի ազդեցիկ են եղել, քան տվյալ ժամանակի վարչապետները: Հակասահմանադրական մեխանիզմներով ձեւավորվող եւ կառավարվող համակարգերում դա միանգամայն օրինաչափ իրողություն է, որովհետեւ դե ֆակտո հիերարխիան կառուցվում է Սահմանադրությունից դուրս տրամաբանությամբ:
Փաստացի ստացվում է, որ նվազելու է Գլխավոր դատախազության դերակատարությունը, եթե իհարկե Սերժ Սարգսյանը Գեւորգ Կոստանյանի միջոցով անձամբ չստանձնի Գլխավոր դատախազի լիազորությունը: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ տեղի է ունենում կադրային այս ժանգլյորությունը: Աղվան Հովսեփյանի դեպքում Սերժ Սարգսյանին հավանաբար դժվար էր անվերապահ թելադրանքի տակ վերցնել Գլխավոր դատախազությունը, քանի որ Հովսեփյանը համակարգում ազդեցիկ մարդ էր, իսկ այդ դեպքերում առաջանում է փոխզիջումների կարիք:
Կոստանյանը փաստացի դառնում է լիովին Սերժ Սարգսյանի «կադրը», հետեւաբար դատախազությունը նա վերցնում է լիակատար հսկողության տակ: Այդ դեպքում առաջանում է միասնական քննչականի վերահսկելիության հարցը: Չէ որ այնտեղ Աղվան Հովսեփյանն է: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այդ առաջարկով Հովսեփյանին պարզապես գցել է ծուղակը:
Բանն այն է, որ ինչքան էլ համակարգում հարաբերություններն ու հիերարխիան կարգավորվեն հակասահմանադրական պայմանավորվածությունների եւ սկզբունքների հիման վրա, այդուհանդերձ Սահմանադրությունը գոնե օժանդակ դեր կատարում է: Փաստացի, եթե իրավիճակը դիտարկում ենք Գեւորգ Կոստանյան-Աղվան Հովսեփյան տիրույթում, ապա տեղի է ունենում դե ֆակտո իրավիճակի եւ Սահմանադրական իրավիճակի տարամիտում: Բայց երբ դիտարկում ենք խնդիրը Սերժ Սարգսյան-Աղվան Հովսեփյան տիրույթում, ապա Սերժ Սարգսյանը սահմանադրական լծակներով ուժեղացնում է համակարգի վրա իր վերահսկողությունը:
Իհարկե, այդ ամենն առավելապես արձանագրային առումով, որովհետեւ հետագա գործընթացը կախված է բազմաթիվ այլ գործոններից: Խնդիրն ընդամենն այն է, թե համակարգում ով ինչպես է օգտագործելու դե ֆակտո ստեղծվող իրավիճակը դե յուրե հարաբերակցության նոր շրջանակներում: